«Երևանի ավագանու այս ընտրությունները լուծեցին մի խնդիր՝ թավշյա հեղափոխությունը հասցնել քաղաքապետարան». Ստյոպա Սաֆարյան

safaryan

Երևանի ավագանու անցած ընտրությունների գնահատականը շարունակում է օրակարգային լինել: ԳԱԼԱ-ն այդ թեմայով զրուցել է քաղաքագետ, Երևանի ավագանու նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, գնահատեք խնդրեմ Երևանի ավագանու անցած ընտրությունները թե՛ քաղաքական ուժերի ստացած քվեների քանակի, թե՛ լեգիտիմության համատեքստում:

-Թերևս բավականին մեծ վստահության քվե է հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ թվացյալ Երևանի մասշտաբով, բայց ամբողջ հանրապետության մասշտաբով էլ կարելի է ասել: Իհարկե, այն պետք է տարբերվեր նախկին ընտրություններից ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, որ մենք հետհեղափոխական Հայաստանում ենք ապրում, այլ նաև այն պատճառով, որ գործ ունենք լեգիտիմ իշխանության հետ: Նախկինում 40-50-ին մոտ քվեներ ստացվում էին մեզ բոլորիս հայտնի եղանակներով՝ կաշառք, վարչական լծակներ և այլն, բայց դրանք ստացվում էին ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից: Հետևաբար, տարբերությունը շատ մեծ պետք է լիներ: Բացվածքը, որ մենք տեսնում ենք, ինքն իր մասին խոսում է, թե ինչ է նշանակում լեգիտիմ իշխանություն, և ինչ է նշանակում ոչ լեգիտիմ իշխանություն: Եթե նախկին 40%-ը կասկածի տակ էր դրանց ձեռքբերման մեթոդների առումով, այս դեպքում մենք գործ ունենք բացարձակապես ընտրակեղծիքներից մաքուր ընտրությունների արդյունքում ձեռք բերված վստահության քվեի հետ: Եթե չլինեինք հեղափոխական վիճակում, վստահաբար ոչ միայն այդպիսի տոկոս չէր լինի, միգուցե լիներ 40-50%՝ կրկին լեգիտիմության շրջանակներում, բայց այս իրավիճակում, ինչպես քարոզչությունը ցույց տվեց, իշխող թիմը, ուսումնասիրելով հակահեղափոխության ռիսկերը, ակնկալեց մեծ թվեր՝ պաշտպանելու և ավարտին հասցնելու հեղափոխությունը: Եվ հասարակությունը, ըստ էության, տվեց նրան այդ վստահությունը:

- Ձեզ այս հարցն ուղղում եմ նաև որպես նախկին ավագանու անդամ: Այս ավագանիում ընդդիմություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մանդատների թվի նման դասավորության պայմաններում ընդդիմության գրեթե բացակայությունը կամ բացակայությունն ի վերջո վտանգներով է լի:

-Միանշանակ: Ոչ ոք չի ասում, որ դա լավ բան է, բայց եկեք հաշվի առնենք, որ նոր թիմը խոստում է տվել արմատական բարեփոխումներ իրականացնել: Այդ բարեփոխումների համար մեծ քվե է պետք: Նախկինում կտրուկ քայլերի չգնալը պատճառաբանվում էր քաղաքական հենարան չունենալով, այժմ ունեն դա: Այո, վերահսկողությունը խնդիր է ընդդիմության կողմից, որովհետև ռեֆորմների ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ, ոչ ցանկալի որոշումներ կայացվել, բայց համենայնդեպս եկեք մի բան հասկանանք, որ եթե քաղաքական ուժերը՝ թե՛ ավագանիում, թե՛ ավագանուց դուրս մնացած, իսկապես լուրջ ցանկություն ունեն հակակշռելու «Իմ քայլին», դա կարող են անել նաև այլ հասու եղանակներով, մանավանդ որ գոնե այս պահին տեսանելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքը տակավին գործում են բաց, հրապարակայնության դաշտում՝ տեսանելի հանրության համար: Դրան էլ գումարած՝ 2 քաղաքական ուժ ունեն իրենց ներկայացուցիչները՝ «Լույս» դաշինքը և ԲՀԿ-ն: Չեմ ասում՝ լավ վիճակ է, բայց եթե չլիներ հեղափոխությունն ավարտին հասցնելու ֆակտորը, եթե իշխանության փոխանցումն ավարտված լիներ, սա պետք է մտահոգեր մեզ: Բայց այս պահին բարեփոխումների գնալու համար նրանց հանրային մեծ աջակցությունը պետք է: Եթե չունենային այդ մեծ աջակցությունը, հակառակը՝ ինքնասպանության չէին գնա և չէին գնա ռեֆորմների:

-Այսինքն՝ բարեփոխումները կարող են ոչ միայն ավագանիում լինել, այլև քաղաքապետարանի աշխատակազմո՞ւմ:

-Միանշանակ: Իրենք խոստացել են լուրջ բարեփոխումներ հասարակական տրանսպորտում, աղբահանության և շատ այլ ոլորտներում: Այդ փոփոխությունները հարվածելու են և՛ գծատերերին, և՛ մնացածներին: Ես չեմ ասում՝ դա լավ բան է, որ մի քաղաքական ուժն ունենում է այդքան մեծ իշխանություն, բայց դրա հակառակ կողմը՝ ցածր քվեն էլ կարող էր խնդիր լինել, և այդ դեպքում կստացվեր, որ քաղաքական նպատակահարմարությունից դրդված՝ որևէ արմատական լուծման չեն գնա:

- Գնահատեք խնդրեմ նաև քարոզարշավը: Քաղաքական ուժերի քարոզարշավից տպավորություն էր ստացվում, որ ոչ թե Երևանի ավագանու, այլ խորհրդարանական կամ այլ համապետական ընտրությունների ենք գնում: Երևանյան խնդիրների մասին ծրագրային, խորը բանավեճ թեկնածուների միջև չտեսանք: Թերևս միակ բացառությունն աղբահանությունն էր, որը թեկնածուների ասելիքի գլխավոր լեյտմոտիվն էր, ինչն էլ պայմանավորված էր «Սանիթեքի» վատ աշխատանքով: Այսինքն՝ սանմաքրման գործը ստանձնած ընկերության աշխատանքային թերացումը թեկնածուների խաղաքարտը դարձավ:

-Կար նման բան: Իմ դիտարկումը ոչ թե նրա մասին էր, թե Երևանի ավագանու ընտրություններում չի կարելի Երևանի խնդիրները կապել մեծ քաղաքականության հետ, շատ դեպքերում նկատելի էր, որ այս ընտրություններում մասնակցության քաղաքական ուժերը նույնիսկ չեն էլ կարդացել «ՏԻՄ մասին», «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները, որոնք սահմանում են քաղաքապետի լիազորությունները: Նկատելի էր, որ խոսում են խոսելու համար: Սա ավելի լուրջ խնդիր էր, քան, օրինակ, այն, որ «Իմ քայլը» դաշինքը կամ որևէ մեկը քարոզարշավի ընթացքում քաղաքային կառավարման խնդիրները փորձում էր կապել հեղափոխության կամ մեծ քաղաքականության խնդիրների հետ: Ժողովրդի խնդիրն է, եթե ժողովուրդն իսկապես չտեսներ այդ կապը, հավատացնում եմ ձեզ, ցանկացած քաղաքական գործիչ թեկուզ իրեն պատեպատ էլ տար, դա չէր կապվելու: Այնպես չէ, որ թեկնածուները մոլորեցրել են Երևանի ընտրողներին: Մենք հատկապես Երևանում բավականին գիտակից ընտրող ունենք, եթե մենք ընդունենք, որ այդ մթնոլորտն ուղղակի մեկը ստեղծել է, և տուրք են տվել, դա ուղղակի կլիներ, կներեք, վիրավորել Երևանի ընտրողին: Եթե այլ ընտրություն լինի, գնացեք, ինչքան ուզում եք խոսեք աշխարհաքաղաքականությունից, իշխանափոխությունից: Եթե մարդն այդ պահին առաջնահերթ է համարում իր բակի, կոմունալ խնդիրները, վստահ եղեք՝ նա ձեզ բանի տեղ չի դնելու: Եթե այժմ երևանցին իսկապես տուրք է տալիս իր առաջնահերթություններում, ասենք, իշխանափոխությունը, հեղափոխությունն ավարտին հասցնելու խնդրի կարևորությանը, ուրեմն՝ մենք չենք կարող մեղադրել երևանցի ընտրողին, թե նա ինչու է այդպես տեսնում: Այս առումով ամեն ինչ շատ ռացիոնալ բացատրության տիրույթում է: Նշանակում է երևանցին մտահոգված է հեղափոխությունն ավարտուն տեսքի բերելու խնդրով: Այո՛, ուզում է լուծված տեսնել իր խնդիրները, բայց նաև ուզում է, որ հեղափոխությունն ավարտուն տեսք ստանա, այնուհետև լուծվեն իր քաղաքային խնդիրները: Ահա և ամբողջ ֆենոմենը: Ինչքան էլ մեղադրեն քաղաքական ուժերին այդ հռետորաբանության համար, դա կրիմինալ չէ, մանիպուլյացիա չէ, ընտրողների 82%-ին չեք կարող մանիպուլյացիայի ենթարկել, դա բացառված բան է: Սա նշանակում է, որ այն մտահոգությունները, որոնց մասին խոսում էր «Իմ քայլը», կիսում է երևանցիների մեծ մասը: Դրա համար նրանք իրենց քվեն տվեցին «Իմ քայլին», անկախ նրանից՝ ինչպես էին վերաբերվում Հայկ Մարությանի թեկնածությանը, անձին, խնդիրը հեղափոխությունն էր: Այս առումով ՔՊ-ն ընտրողների առջև հանդես եկավ այդ համատեքստում:

-Այսինքն՝ Երևանի ավագանու այս ընտրությունները լուծեցին մեկ խնդիր՝ թավշյա հեղափոխությունը հասցնել քաղաքապետարան:

-Ճիշտ այդպես:

-Բայց գալու է մի ժամանակ, որ «Իմ քայլը» իր քաղաքականությունը պետք է բերի քաղաքային տնտեսության դաշտ: Ասել է թե՝ վաղ թե ուշ բախվելու է քաղաքային տնտեսության խնդիրներին:

-Միանշանակ: Արդեն բախվել է: Հիմա հասարակությունը համարելու է, որ հեղափոխությունը մտավ Երևանի քաղաքապետարան: Հիմա Հայկ Մարությանից և նրա թիմից պահանջվելու է արդյունք: Հիմա արդեն չի կարող պատճառ բերել նախկին իշխանություններին, քաղաքական հենարանի բացակայությունը: Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռևս կարող է ասել, որ ինքը հենարան չունի՝ ի դեմս խորհրդարանի, և չի կարող լուրջ բարեփոխումներ տանել խորհրդարան, ապա «Իմ քայլը» դա ասելու իրավունքը բացարձակապես չունի: Հասարակությունը նրա այդ բացատրությունները, թե՝ սպասեք տեսնենք խորհրդարանական ընտրություններն ինչ են լինելու, համոզիչ չի համարելու: Ըստ էության, երևանցին գործ ունի քաղաքային իշխանության հետ և նրանից պահանջելու է արդյունք: Այնպես որ, եկել է աշխատանքի շրջանը: Հիմա արդեն արդարացումներին ավելի քիչ են հավատալու: Հիմա արդեն սպասելու են կարճաժամկետ արդյունքների, միջնաժամկետ ու երկարաժամկետ միտումների, որոնք հույս կտան երևանցուն, որ իր կյանքը բարելավվելու է: Երևանի հասարակությունն ընդառաջ գնաց հնչեցված ահազանգին, իր քայլն արել է, սպասելու է քաղաքային տնտեսության ոլորտում արդյունքների:

 

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝