«Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որտեղ կլինի իմ մասնակցությունը». Րաֆֆի Հովհաննիսյան

raffi hovhannisyan

«Առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որտեղ կլինի իմ մասնակցությունը, որովհետև նոր սերունդը, քաղաքական դաշտը նոր ձևաչափի ու նոր լուծումների կարիք կունենա: Շեշտը պետք է դրվի նորարար բովանդակության վրա՝ չբացառելով հին, ավանդական կուսակցությունների մասնակցությունը»,- նման հայտարարությամբ հանդես եկավ ավագանու ընտրություններին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը: Ասուլիսը նվիրված էր կայացած ընտրությունների գնահատմանն ու կուսակցության հետագա անելիքներին:

Բանախոսը նշեց, որ իրենք երբեք կուսակցության պարտությունը չեն վերագրել պետության կամ հայրենիքի պարտությանը: «Դա մեր տեսակն է, մենք միշտ եղել ենք պայքարող, բայց նաև՝ իրատես»,- ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի հաղթանակի «ջախջախիչ» բնորոշմանը Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ «հաղթանակը համոզիչ էր ու առարկայական»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, գնահատելով անցած տարիների ՏԻՄ ընտրությունները և 2018թ. անցկացված ընտրությունները, դիմեց, այսպես ասած, ամերիկյան համեմատության. «Դրանք նարինջների ու խնձորների տարբերություն էին»,- ասաց նա: Անդրադառնալով վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու հայտարարությանը՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ասաց, թե եթե վարչապետն անհրաժեշտություն համարի իրենց մասնակցությունը, իրենք կմասնակցեն: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված իշխող ուժի պատրաստակամությունն ու համաձայնությունը՝ գնալ հարցի քննարկմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հարցը վերահասցեագրեց հենց նախկին իշխող ուժին՝ ՀՀԿ-ին:

Հարցին, թե արդյոք ինքը չի կարծում, որ ընտրություններին իրենց կուսակցության ցածր ցուցանիշներ արձանագրելն իրենց պառակտվածության հետևանք է, ժամանակին այնտեղ էին Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Դժվար է ասել, թե եթե մեր նախկին գործընկերները մեզ հետ լինեին, ինչ արդյունքներ կգրանցեինք: Ես իրենց շնորհքների համար իրենց հրավիրեցի «Ժառանգություն», իրենք քաղաքացի դարձան իրենց շնորհքով, բայց նաև «Ժառանգությունում» դարձան աստղ: «Ժառանգությունն» այն տեղն է, որտեղ կարող են աստղեր լինել, սակայն իմ օրինակով ավելի լավ է համաստեղությունը, քան աստղը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտվել է՝