Մարդիկ պատրաստ են վստահել և աջակցել նոր իշխանություններին, միայն թե վստահ լինեն, որ հինը չի վերադառնալու

1024px-Vardan_Harutyunyan_2

ԳԱԼԱ-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, Ձեր գնահատականը ներքաղաքական զարգացումներին: Արդյոք Հայաստանը ժողովրդավարական երկիր կառուցելու ճիշտ ճանապարհ է ընտրել այսօր:

-1990-ականների առաջին տարիներին մեր երկիրը և՛ հայաստանցիներիս, և՛ աշխարհի կողմից որպես ժողովրդավարական երկիր էր ընկալվում։ Բայց մի պահից սկսվեց մեր հետընթացը ժողովրդավարական ուղուց։ 2000-ական թվականներին այդ հետընթացն էլ ավելի մեծ արագություն ստացավ։ Ժողովրդավարության մակարդակի առումով վերջին 10-15 տարիներին մենք արդեն մոտեցել էինք Ադրբեջանին և իրենց տոտալիտարությամբ հայտնի միջինասիական հանրապետություններին։ Մեզ աշխարհն արդեն այդպիսին էր տեսնում ու ընկալում։ Դա էր պատճառը, որ եվրոպական երկրները պատրաստ էին աչք փակել այնպիսի արատավոր ու մերժելի երևույթի վրա, ինչպիսին մեկ մարդու իշխանության անսահմանափակ երկարաձգումն է։ Խոսքս Սերժ Սարգսյանի վարչապետության մասին է։ Բոլորը գիտեին, որ նա Սահմանադրությունը փոխում էր սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, բոլորը գիտեին, որ նա է վարչապետի աթոռին նստելու, բոլորը գիտեին նրա կազմակերպած կոռուպցիոն բուրգի մասին, բայց համակերպվել էին, որ այդպես պետք է լինի Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես, թվում է մեկընդմիշտ, ընդունել են, որ այդպես պետք է լինի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և նման այլ երկրներում։

Համակերպվել էին բոլորը, բայց ոչ հայաստանցին։ Հայաստանցին պատրաստ չէ հանդուրժել մեկ մարդու միահեծան իշխանություն։ Հայաստանցին դա ապացուցել է միշտ և այս անգամ էլ ապացուցեց։ Բոլոր կեղծված ընտրություններից հետո հայաստանցին իր քվեն պաշտպանելու նպատակով հրապարակ է դուրս եկել։ Աներևակայելի բռնությունների է ենթարկվել, գնդակահարվել է, իր լավագույն զավակներին բանտ է ուղարկել, բայց իր քվեի յուրացումը չի հանդուրժել։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Արդյունքում այսօր, այո, ունենք մի այնպիսի իրավիճակ, որը կարող է մեզ ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորություն ընձեռել։ Մենք մեր մեծ ճանապարհի սկզբին ենք կանգնած, և մեզանից է կախված, թե ինչ արագությամբ և ինչ արդյունավետությամբ այն կանցնենք։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ բաց են լինելու Բաղրամյան 26-ի դռները, և քաղաքացիներն ազատ մուտք ու ելք են ունենալու, և որ այս խորհրդանշական քայլով պետք է կոտրվի սահմանը իշխանության և հասարակության միջև:

-Լավ նախաձեռնություն է։ Պետք է իշխանության և հասարակության միջև առկա անդունդը, որ տարիների ընթացքում է փորվել ու խորացել, լցվի։ Սահմաններ չպետք է լինեն։ Այն իշխանությունը, որը քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ է ձևավորվում, չպետք է և չի կարող օտարված լինել հասարակությունից։ Իշխանությունը պետք է գա դեպի հասարակություն։ Իշխանությունը պետք է դուրս գա իր բյուրոկրատական ամրոցներից, պետք է դուրս գա իր ծառայողական ավտոմեքենաներից, հրաժարվի դրանցից, մինիմումի հասցնի դրանք, պետք է ապրի այն միջավայրում, որ միջավայրում որ ապրում է նրան իշխանությամբ օժտած քաղաքացին, նրան մանդատ տված հասարակությունը։ Այդ ժամանակ կկարողանանք ասել, որ իշխանության և հասարակության միջև վիհ չկա, հակադրություն ու թշնամություն առաջացնող սահման չկա։

-Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է կարճացնել հասարակության և իշխանության միջև ճանապարհը, փակել անդունդը, բայց հասարակությունն այնքան էլ պատրաստ չէ, նա միապետ է ուզում: Արդյո՞ք դա այդպես է:

-Չեմ կարծում, թե նման բան կա։ Նման տպավորությունը, եթե անգամ ոմանց մոտ առկա է, խաբուսիկ է։ Իրականում մեր հասարակությունը շատ ավելի պատրաստ է ժողովրդավարական զարգացումներին, քան թվում է մեզ։ Մեր մարդը, մեր քաղաքացին միշտ էլ դա ցույց է տվել. իր բողոքներով, հրապարակ դուրս գալու ու օրերով հրապարակներում մնալու ու ժողովրդավարական արժեքների համար պայքարելու իր պատրաստակամությամբ, տոտալիտար հասարակարգ կառուցելու փորձեր անող իշխանության դեմ պայքարելու իր վճռականությամբ, իր մշակույթով նաև՝ մեր այսօրվա անպատկերացնելի հաջողությամբ։ Եթե մտովի վերհիշենք մեր կազմակերպված հանրահավաքները, մեր երթերը, մեր համաժողովրդական պայքարները՝ նշանակություն չունի, թե երբ և որ թվականին են դրանք տեղի ունեցել, եթե հիշենք դրանց որակը, ապա մեր մարդով, մեր հասարակությամբ հպարտանալու լուրջ առիթներ կտեսնենք և չենք մտածի, թե նա ժողովրդավարական իրականությանն անպատրաստ է։

-Պարոն Հարությունյան, հասարակության մոտ առկա հետհեղափոխական էյֆորիան բավականին մեծ է, որը երբեմն արտահայտվում է այլ քաղաքական ու քաղաքացիական ուժերի նկատմամբ վարվող ագրեսիվ պահվածքով: Իշխանությունն արդյոք պատրաստ է արդարացնել հանրության մեծ սպասումները:

-Այդ ագրեսիվ դրսևորումները պայմանավորված են հեղափոխական իրավիճակով։ Մարդկանց մի ստվար զանգված իրեն դեռ հեղափոխություն իրականացնող է դիտարկում։ Դեռ չեն ընդունում, որ հաղթանակը մեկընդմիշտ է, իրենց բարիկադների վրա են զգում։ Սրա մեջ սարսափելի բան չկա։ Ժամանակ անց ձեր նշած ագրեսիան կպակասի ու կմարի։ Հեղափոխության հակառակորդներին թվում էր, թե կարճ ժամանակ անց հեղափոխական ոգևորությունը մարդկանց մոտ կմարի, և նոր իշխանությունները, բոլորովին նոր իրականությանը բախվելով, կձախողվեն։ Այնինչ, նախկին իշխանությունների նկատմամբ առկա հսկայական հակակրանքը սնում է այս ոգևորությունը և դեռ շարունակելու է սնել։ Սրան զուգահեռ նոր իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վստահության հսկայական պաշար ունեն ու այն պակասելու միտումներ չեն երևում։ Մարդիկ պատրաստ են ներել նոր իշխանությունների սխալներն ու բացթողումները, մարդիկ պատրաստ են վստահել և աջակցել նոր իշխանություններին, միայն թե վստահ լինեն, որ հինը չի վերադառնալու։ Ոգևորության ու վստահության նման չափաբաժինը, իհարկե, առիթ կարող է հանդիսանալ, որ նոր իշխանությունները կորցնեն իրականության զգացումը, ընկնեն հայտնի մոլորությունների գիրկը, բայց հուսանք, որ մեր այսօրվա իշխանության ներկայացուցիչներին սա չի սպառնում։ Այս վստահությունն ավելի շատ պարտավորեցնող պետք է լինի, քան մոլորեցնող։ Պետք է որ երիտասարդներից բաղկացած մեր այս կառավարությունը հաջողի։ Նոր մոլորությունների և նոր սխալներ թույլ տալու իրավունք այլևս չունենք։

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝