Երևանի ավագանու ընտրություններ. հետադարձ հայացք ու զուգահեռներ

qaxaqapetaran

Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններն առիթ են՝ հետադարձ հայացք գցելու մինչ այժմ անցկացված ընտրությունների վրա և զուգահեռներ անցկացնելու:

2009թ. հունվարի 26-ին ուժի մեջ մտավ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Այն ԱԺ-ն ընդունել էր 2008թ. դեկտեմբերի 26-ին, իսկ ՀՀ նախագահը՝ ստորագրել 2009թ. հունվարի 26-ին: Դրանով մայրաքաղաքի քաղաքապետին կուսակցականության սկզբունքով ընտրելու ճանապարհի սկիզբը դրվեց: Երևանի ավագանու 1-ին ընտրությունները կայացան 2009թ. մայիսի 31-ին: Դրան մասնակցության հայտ ներկայացրեց 7 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Ժողովրդական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը: Ընտրությունների արդյունքներով՝ 35 մանդատ ստացավ ՀՀԿ-ն, 17՝ ԲՀԿ-ն , 13՝ «Հայ ազգային կոնգրեսը»: Սակայն «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակում անդամագրված ավագանու բոլոր թեկնածուները հրաժարվեցին իրենց մանդատներից: ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ընտրությունները որակեց որպես «ամենաայլանդակը» և հայտարարեց. «Մայիսի 31-ի ընտրակեղծիքներով Սերժ Սարգսյանն այրեց բոլոր կամուրջները: Կամուրջներն այրված ենք համարում և հրաժարվում ենք որևէ երկխոսությունից իշխանությունների հետ»: Այդպիսով՝ ավագանին իր գործունեությունը ծավալեց ոչ լրիվ կազմով: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ մանդատներից հրաժարվելու դեպքում տեղերը մնում են թափուր: ՀՀԿ-ի հաղթանակի արդյունքում Երևանի քաղաքապետի պաշտոնը հունիսի 11-ին տված երդմամբ ստանձնեց Գագիկ Բեգլարյանը: Վերջինս պաշտոնավարեց մինչև 2010թ. դեկտեմբերի 8-ը: Հրաժարականի պատճառն էլ ոչ թե երևանյան քաղաքային տնտեսության կառավարման գործում ձախողումներն էին, այլ… ապտակը: Գագիկ Բեգլարյանի և ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ նախկին քաղաքապետն ապտակել էր վերջինիս: Դա ՀՀ նախագահի աշխատակազմում համարել էին «անընդունելի և անհանդուրժելի վարքագիծ, ինչն էլ հանգեցրեց հրաժարականին:

Իշխող քաղաքական ուժը կանգնեց նոր քաղաքապետ առաջադրելու խնդրի առաջ: Սկսեց շրջանառվել 2 անուն՝ «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյան և քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյան, որը մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Ի վերջո, դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածության քվեարկությունը զուտ ձևական բնույթ կրեց, քանի որ Երևանի ավագանիում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն՝ 35 մանդատ ուներ: Կարեն Կարապետյանը որպես քաղաքապետ պաշտոնավարեց ընդամենը 10 ամիս՝ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2011թ. հոկտեմբերի 28-ը: Նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ և անձնական պատճառներից ելնելով: Սակայն քաղաքական շրջանակները որպես հրաժարականի պատճառ նշում էին Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունները: Ասվում էր, որ իշխանական կուլիսներում միանշանակ չէին ընկալել Երևանի քաղաքապետի՝ պարբերաբար հնչող այն հայտարարությունը, թե ինքը չի ընդունում, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է. «Սա հասարակության լայն շերտերի հետ առնչվող պաշտոն է»: Կարեն Կարապետյանի այդ քայլն իշխանությունը համարել էր իրեն կուսակցությունից զատելու ու ինքնուրույն, սեփական խաղի կանոններով գնալու փորձ: Քաղաքական շրջանակների այս պնդումն իհարկե հերքեց ինքը՝ հրաժարական ներկայացրած Կարեն Կարապետյանը՝ շրջանառվող այդ պնդումը համարելով աբսուրդ: «Իմ հրաժարականը որևէ ներիշխանական տարաձայնությունների բնույթ չի կրում: Չի եղել մի դեպք, մեր պատկերացմամբ լուծումներ, որոշումներ, որ ճիշտ են քաղաքի համար և ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»,- հեռուստահարցազրույցում հայտարարեց Կարեն Կարապետյանը: Այլ հարց է, թե այդ հայտարարությունն այն ժամանակ քանիսը համոզիչ համարեցին: Գուցե այսօր հետին թվով այդ պնդումները հավատ ներշնչեին՝ հաշվի առնելով նախկին քաղաքապետի՝ արդեն վարչապետի կարգավիճակով վերադարձը քաղաքականություն: Բայց այսօր դա արդեն կարևոր չէ, ավելին՝ ժամանակավրեպ է:

Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնին փոխարինեց նրա առաջին տեղակալ, հետո քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա քաղաքի կառավարման ղեկը ստանձնեց 2011 թվականի նոյեմբերի 15-ից և ոչ միայն պաշտոնավարեց մինչև ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը, այլև 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում գլխավորեց ՀՀԿ ցուցակը՝ կարգախոս հռչակելով «Ավելի լավ Երևան»-ը: 2-րդ գումարման ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրեց 7 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունն ու «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքներով ավագանի անցավ 3 քաղաքական ուժ: ՀՀԿ-ն ստացավ 42, ԲՀԿ-ն՝ 17, իսկ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ: Մնացած քաղաքական ուժերի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. ՀԱԿ-ը 18.499 քվե (4,39%), ՀՅԴ-ն 15.999 քվե (3, 79%), ՕԵԿ-ը 15.733 քվե (3,73%) ու «Առաքելություն»-ը՝ 2692 քվե (0,64%): Այս գումարման ավագանին միակն էր, որ ունեցավ 1 քաղաքապետ՝ ողջ ժամկետի ընթացքում՝ Տարոն Մարգարյան: Վերջինս ՀՀԿ-ի համար դարձավ անփոխարինելի ֆիգուր Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: 2017թ. ընտրություններին ևս կուսակցությունն առաջադրեց նրա թեկնածությունը: Այս անգամ քաղաքապետի պաշտոնի ու ավագանու մանդատների համար պայքարում էր 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից ձևավորված «Ելք» դաշինքը: Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացավ 46, Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանին»՝ 5 մանդատ: Այս ավագանին առանձնացավ նրանով, որ կային կարծիքների բախում, թեժ բանավեճեր: Այլ հարց է, թե սակավ մանդատները որքանով էին հնարավորություն տալիս ազդել վերջնական որոշումների կայացման վրա: ՀՀԿ-ի՝ մեծամասնություն լինելը վճռորոշ հանգամանք էր դառնում որոշումների կայացման գործում, և այդ որոշումների մեծ մասը չէին բխում Երևանի ու երևանցու շահերից: Թվում էր, թե այդ վիճակն այդպես էլ կշարունակվի, և ՀՀԿ-ն ավագանիում մեծամասնություն լինելու մշտական տոմս ունի, սակայն տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը սրբագրումներ մտցրեց: Գործադիր մարմնից սկսված հեղափոխությունը հասավ Երևանի քաղաքապետարան: 2018թ. հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, և սեպտեմբերի 23-ին առաջին անգամ կայացան ավագանու արտահերթ ընտրություններ: Տպավորիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը:

Քաղաքական ուժերի մանդատների թիվը ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել, սակայն նշվում են դրանց մոտավոր թվերը. «Իմ քայլը» դաշինքը՝ 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5, «Լույս» դաշինքը՝ 3 կամ 4 մանդատ: Ակնհայտ է, որ «Իմ քայլի» մեծամասնությունն ավագանիում աննախադեպ է. նախկինում այդ թիվը ՀՀԿ-ի դեպքում եղել է 46:

Ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվեարկությունից հետո 7-րդ օրը, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը, այսինքն՝ Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին: Նա կլինի 4-րդ քաղաքապետը, որ երևանցիներին կերդվի Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, կպարտավորվի հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը: Իսկ թավշյա հեղափոխության հաջորդ կանգառը կլինի Ազգային ժողովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու մտադրության մասին:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝