Հետքայլի հնարավորություն չկա

hqdefault

 1991 թվականից հետո Հայաստանում կայացան առաջին ժողովրդավարական ընտրությունները: Ընտրություններ, որոնք իսկապես վստահություն են ներշնչում, և որոնց արդյունքների արդարացիության վերաբերյալ ոչ մի ողջամիտ կասկած չհնչեց: Ընտրությունների ավարտից հետո առաջին անգամ մրցակից քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ի գիտություն են ընդունում դրանց արդյունքները, և շնորհավորեցին հաղթող քաղաքական թիմին:

Այսպիսով, երեկվանից Հայաստանում քաղաքական դաշտում քաղաքակիրթ պայքարի նոր մշակույթի հիմք դրվեց, ինչի համար տևական ժամանակ պայքարում էր հասարակության իրավագիտակից սերուցքը՝ տարիներ շարունակ դաժան կռիվ մղելով ու անընդհատ պարտվելով: Եվ վերջապես նոր սերնդին հաջողվեց գրանցել այդ հաղթանակը, որն արձանագրվեց՝ ժողովրդից գողացված քվեն հետ վերադարձնելով ժողովրդին:

Որքան էլ հնչեն մտահոգություններ հաղթող քաղաքական թիմի քաղաքապետի թեկնածուի քաղաքական որակների ու հմտությունների մասին, և որքան էլ քաղաքական առումով մտահոգիչ համարվի ավելի քան 80 տոկոսանոց հաղթանակը, միևնույն է, դրանք չեն նսեմացնում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հաղթանակը:

Անշուշտ, պետք է արձանագրել, որ այս հաղթանակը հնարավոր եղավ իրագործել միայն Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյանն իրագործեց հրապարակային ամենակարևոր խոստումը՝ իրապես արդար ընտրությունների անցկացումը, որը երկրում ժողովրդավարություն հաստատելու համար աննախադեպ դրական իրավիճակ է ստեղծում:

Հիմա արդեն ժամանակն է այդ արձանագրված հաղթանակը նյութականացնելու:

Իհարկե առջևում դեռ համապետական ընտրություններն են, սակայն Երևանի ընտրություններն իսկապես այն տրամպլինն էին, որով նոր իշխանությունն աննախադեպ ցատկով և թվերով արձանագրեց այն ստատուս քվոն, որը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ մեկընդմիշտ փակելով նաև հակահեղափոխության ճանապարհը:

Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը մեծ վստահության քվե, ավանս է Նիկոլ Փաշինյանին՝ երկրում իսկապես արմատական փոփոխություններ իրականացնելու, երկիրը ժողովրդավարության ճանապարհով տանելու համար:

Այս իմաստով Փաշինյանի իշխանությունն իսկապես աննախանձելի վիճակում է, որովհետև արդար ընտրությունների կազմակերպումն ընդամենը առաջին քայլն է, իսկ հետքայլի հնարավորություն հասարակությունը չի տա պարզապես, որովհետև նա քարտ բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած քաղաքական թիմին և դա տվել է ոչ թե 10,000 դրամի դիմաց, այլ սկսած հեղափոխությունն ավարտին հասցնելու համար: Հիմա կարևոր է, թե քաղաքական այդ թիմն ինչ չափով կգնահատի այդ տոկոսների արժեքը:

80 տոկոսը հեղափոխական ցուցանիշ է, և այդ վստահությունը ստացած հեղափոխական թիմի առաջնորդը պարտավոր է մինչև վերջ մնալ այդպիսին:

Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝