«Փաշինյանն ուզում է ասել, որ թույլ չի տա իրեն հրահանգել դատարաններին». ՀՀ վարչապետի խորհրդական

nikolay baxdasryan

ԳԱԼԱ-ի հարցազրույցը փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բաղդասարյան, Հայաստանում ներքաղաքական կյանքում ակտիվ զարգացումների փուլ է. գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերը: Որպես վարչապետի խորհրդական և իրավաբան՝ սա սպասելի՞ էր Ձեզ համար արդյոք:

-Ասեմ, որ սկզբում զարմացա, և առաջին մտածածս այն էր, որ դա իրական ձայնագրություն չէ: Անսպասելի էր, որ ԱԱԾ և ՀՔԾ ծառայության ղեկավարներին կարող էին ձայնագրել:

Բայց քանի որ արարքը կատարվել է, անհրաժեշտ է իրականացնել նախաքննություն՝ հասկանալու՝ ինչի համար, ինչ նպատակով է կատարվել, որովհետև իրավական գնահատական տալու համար ես չեմ շտապի. արարքը պետք է որակել որպես պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն: Մինչև չբացահայտվեն գործի ամբողջական փաստական հանգամանքները, արարքին ճիշտ որակում տալը կլինի սխալ:

-Սրան անմիջապես հետևեց ասուլիսը: ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները մի շարք կարևոր հայտարարություններով հանդես եկան: Պատասխան գնահատականներ էլ հնչեցին, թե նախաքննական գաղտնիք են բացահայտում: Եվ փոխանակ անդրադառնան բովանդակային կողմին, փորձում են լղոզել: Ռ. Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, թե ամենը վկայում է մի բանի մասին, որ գործն ուղղորդվում է:

-Ես չեմ կարող մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասածները: Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում գործն ուղղորդվում է, ո՞ւմ կողմից է ուղղորդվում: Քրեական գործը պետք է «ուղղորդվի» տվյալ գործը քննող քննիչի, քննչական բաժնի պետի, ստորաբաժանման ղեկավարի և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների և վերադաս պաշտոնատար անձանց կողմից, և նման «ուղղորդումը» լիովին բխում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից:

Որ ասում են՝ դատավորի են ճնշում, չեմ կարող ես պատկերացնել իրականում, որ որևէ դատավոր ԱԱԾ պետի համարն ունենա և զանգի թույլտվություն վերցնի՝ կալանավորե՞մ, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ նման բան չի լինում: Անգամ այն ժամանակ, երբ եղել է կոռումպացված դատական համակարգ, նման բան չի եղել: Դատավորը գործ է ունեցել իր դատարանի նախագահի կամ վճռաբեկ դատարանի դատավորների հետ:

Ես չեմ հավատում, որ որևէ դատավոր զանգել է ԱԱԾ պետին՝ հարցնելու համար՝ ինչ անի, այն էլ այն քրեական գործով, որի վարույթը գտնվում է այլ մարմնում:

-Ո՞ւմ էր պետք այս գաղտնալսումը կազմակերպելը:

-Այս պահին հնարավոր չէ ենթադրել, թե կոնկրետ ում էր ձեռնտու նման բան անել, քանի որ սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Փաստ է, որ այս ժամանակահատվածում նման քայլ կատարելով վնասել են ոչ թե միայն պետությանը, այլ նաև նպատակ են ունեցել խոչընդոտելու ընտրական գործընթացին: Կարող ենք արձանագրել միայն, որ Հայկի ասած սև ուժերն են դա արել:

-Արդյոք համարժեք էր Փաշինյանի ելույթը: Նա հայտարարեց ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորներին: Սա ուղղակի էմոցիոնալ ելու՞յթ էր, թե՞ կարծում եք՝ պայմանավորված էր ինչ-որ այլ լուրջ վտանգով:

-Եվրոպական երկրներում երբեք չենք կարող նկատել, որ գործարարը շրջի թիկնազորով: Նույնիսկ Վրաստանում է այդ երևույթը վերացել: Հետևաբար հետհեղափոխական Հայաստանում թիկնապահները, որոնք տպավորություն են ստեղծում զինված խմբավորումների, չպետք է լինեն: Այդ երևույթը պետք է վերացնել:

Եվ իմ տպավորությամբ, անկախ նրանից՝ այդ թիկնապահներն ինչ-որ փաստաթուղթ ունեն, թե չունեն, նրանք պետք է չլինեն: ՀՀ քաղաքացին պետք է նկատի փոփոխությունները, որ այլևս չկան գործարարներ, որի հետևից շրջում են զինված խմբավորումներ: Հնարավոր է նաև օրենսդրական կարգավորում պետք է տրվի, որպեսզի իսպառ բացակայեն Հայաստանում զենքերով, թիկնապահներով օրինական կամ ոչ օրինական կարգով շրջելը:

-«Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞ Էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ: Բայց ես ինձ թույլ չեմ տա»: Օրերս նման ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը: Դուք լսե՞լ եք այդ ելույթը, ի՞նչ խորհուրդ եք տվել նրան:

-Փաշինյանն ի՞նչ է ասել, ասել է, որ ինքը թույլ չի տա իրեն հրահանգներ տալ դատավորներին: Նախկին իշխանություններն օրենսդրությունն այնպես են կազմել, որ վարչապետին դարձրել են «սուպեր պաշտոնյա» և ձևավորել են կլանային համակարգի համար բարենպաստ միջավայր: Նպատակն էր, որ կլանը լիարժեք ազդեցություն ունենա նաև դատական իշխանության վրա, և կլաններն ունեցել են այդ լծակները: Զավեշտը նրա մեջ է, որ այսօր իրենք բողոքում են իրենց կառուցած համակարգից: ՀՀ վարչապետն, իմ կարծիքով, գիտակցելով նախորդ իշխանությունների կողմից այդ պաշտոնի համար տրված լիազորությունները, հայտարարել է, որ նա այդ քայլին չի գնա: Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ՝ սահմանել այնպիսի ինստիտուտներ, որ վարչապետը ցանկության դեպքում չկարողանա որևէ ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝