Քոչարյանի դատարկ հոխորտոցը և Փաշինյանի հանրահավաքային սպառնալիքները. հետհեղափոխական Հայաստան

armen axayan

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:

-Պարոն Աղայան, Հայաստանում ներքաղաքական հետաքրքիր զարգացումներ են. գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերը: Ի պատասխան՝ հիշյալ պաշտոնյաներն ասուլիսում աղմկոտ բացահայտումներով հանդես եկան: Այդ ասուլիսն արդյոք առաջացած հարցերին պատասխա՞ն էր, թե՞ «հակառակ ճամբարին» համարժեք ձեռագրով «կոմպրոմիսների ներկայացում»:

-Այս գաղտնալսման պատմությունը, գոնե ինձ համար, որքան անհասկանալի, նույնքան էլ անհետաքրքիր է: Ու դրանցում, պաշտոնյաների ոչ պաշտոնական խոսելաոճից բացի, սկանդալային ոչինչ չկար, ոչ էլ ինքնին գաղտնալսման փաստը, որքան գիտեմ, նման տեխնիկական հնարավորություն Հայաստանում ունի միայն ԱԱԾ-ն, և ուրիշ մեկը, անգամ հեռախոսային ընկերությունները, դա չեն կարող անել՝ ոչ թե օրենքով, այլ տեխնիկապես: Ենթադրությունը, թե Հայաստանում ապօրինի գաղտնի ծառայություններ են գործում, տվյալ փաստով ոչ մի կերպ չի հիմնավորվում: Ինչ-որ կատարվել է, կատարվել է ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ: Նաև չեմ հասկանում, թե նման ձայնագրություն ձեռք բերելով ի՞նչ օգուտ կարող էին ստանալ Քոչարյանը կամ ռուսները, որոնց վրա մարդիկ ուղղում են կասկածի սլաքները, թեև չեմ բացառում, որ փրփուրներից կախվող Քոչարյանին կարող էին շահագրգռել նման ձայնագրությամբ: Իսկ արդյունքում միակ շահողը Նիկոլ Փաշինյանը դարձավ, որ առիթ ստացավ ևս մեկ անգամ հզոր հանրային աջակցություն ցուցադրել, այն էլ մայրաքաղաքային քարոզարշավի առաջին օրերին և նոր թափ հաղորդել մերժված վարչախմբի երևելի դեմքերի քրեական հետապնդումներին:
Ինչ վերաբերում է հակառակ ճամբարին, ապա ոչ Քոչարյանի, ոչ Սերժի, ոչ էլ նրանց մերձավոր թիմակիցների շուրջ ոչ մի ճամբար էլ երբևէ չի գոյանալու: Նրանք մերժված են անվերադարձ: Բայց նոր Հայաստանում էլ պետք է նոր ընդդիմություն և ընդդիմադիր ճամբար լինի, ու այդտեղ նախկին հանցագործներից ոչ ոք տեղ չպետք է ունենա: Իսկ դաշտը արհեստականորեն սպիտակների ու սևերի բաժանելու մոտեցումը, որն առկա էր «գաղտնալսումից» ու Երևանի ընտրությունից շատ առաջ, փաստորեն սև է հայտարարում բոլորին, ովքեր համարձակվում են որևէ հարցում քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ մրցակցել նրա թիմի հետ: Որքանո՞վ է սա տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ:

-Վարչապետ Փաշինյանը ևս կոշտ հայտարարություններ արեց: Արդյոք համարժեք էր Փաշինյանի ելույթը: Նա հայտարարեց ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորներին: Սա ուղղակի էմոցիոնալ ելո՞ւյթ էր, թե՞ կարծում եք՝ պայմանավորված էր ինչ-որ այլ լուրջ վտանգով:

-Ռևանշի կամ նման մի բանի ոչ մի լուրջ վտանգ չկա առնվազն մայիսի 8-ից ու ապագայում էլ երբեք չի լինի: Գաղտնալսումը՝ որպես ինչ-ինչ սպառնալիքների առկայության փաստարկ, ընդհանրապես անլուրջ է: Բայց սա հրաշալի առիթ էր խոսելու այդ երևակայական վտանգների մասին, խոսելու ոչ միայն էմոցիոնալ, այլև բավականին ամբոխավար ոճով և դրա օգնությամբ ժողովրդին մոբիլիզացնելու համար՝ այս անգամ հանուն Հայկոյի մեծ առավելությամբ ընտրության:
Իսկ թիկնազորներին ասֆալտին պետք էր դեռ ամիսներ առաջ պառկեցնել, հատկապես նրանց, որ տարիներ շարունակ գործածվել են որպես զինված բանդաներ, իրենց տերերի պատվերով ամենատարբեր հանցանքներ են գործել: Այդ գործողություններին պետք է հաջորդեին նախկին հանցավոր վարչախմբի և նրան սերտաճած տեղական իշխանիկների բազմաթիվ ձերբակալությունները: Դա ժամանակավոր կառավարության հեղափոխական մանդատի հիմնական կետերից էր, այնինչ մենք դեռ ընդամենը հանրահավաքային սպառնալիքներ ենք լսում: Այդ ամենը պետք է ավարտված լիներ վաղուց, որպեսզի այսօր նոր քաղաքական ուժեր ձևավորվեին, ու մենք պատրաստվեինք Հայաստանի առաջին ազատ խորհրդարանական ընտրություններին: Իսկ սպիտակի և սևի միջև պարտադրված ընտրությունն ազատ և ժողովրդավարական չեն կարող համարվել, ու Հայաստանի համար դա կնշանակի ևս հինգ տարվա կորուստ:

- Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի թիմի առաջ ծառացած մարտահրավերները: Ի՞նչ հեռանկարներ են նշմարվում: Որո՞նք են նոր իշխանության սխալները:

-Մարտահրավերները գնահատելու համար նախ պետք է գնահատել Փաշինյանի թիմի նպատակները: Եթե համարենք, որ նպատակը հեղափոխությունն է, ապա մարտահրավեր է ամեն բան, ինչը հնի մնացորդ է՝ սկսած պետական ապարատից, դատական համակարգից, ավարտած նախկինների ձեռքին կուտակված ահռելի հարստությամբ, քարոզչական միջոցներով, կեղծ կուսակցություններով: Սակայն սա չի նշանակում, թե դրանք սպառնում են կամ ունակ են սպառնալ ժամանակավոր կառավարությանը: Պարզապես այդ ամենի առկայությունը թույլ չի տալու լուծել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական մանդատի գլխավոր խնդիրը՝ Ազգային ժողովի ազատ, արդար, որակյալ ընտրություն կազմակերպելը և նոր Հայաստանի զարգացման ճիշտ ուղի որդեգրելը՝ հիմնված Հայաստանի ապագայի մասին հանրային բանավեճի վրա:
Իսկ եթե նպատակը սեփական իշխանությունն ամրացնելն է և արտահերթ ընտրությունների արդյունքում մեծ առավելությամբ հաղթելը, ապա հիմնական մարտահրավերները գալիս են ոչ թե նախկիններից, որոնք ոչինչ էլ չեն կարող հակադրել հեղափոխական սերնդին, այլ այն գործիչներից ու գաղափարական խմբերից, որոնք արտահերթ ընտրության ժամանակ հավակնում են ստանալ հեղափոխական քվեների մի մասը: Ինչ-որ իմաստով նախկինների գոյությունը և ակտիվությունը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի նեղ թիմին, քանի որ մերժվածներն ասելիք չունեն և նրանց շատ ավելի հեշտ է հաղթել: Հաղթանակը կդժվարանար, եթե այդ թիմը ստիպված լիներ գաղափարական վեճերի մեջ մտնել, օրինակ, արտաքին, տնտեսական կամ արցախյան քաղաքականությունների մասին՝ իրենց պես հեղափոխականների հետ, որոնք ավելի քիչ չեն պայքարել մերժված նախկինների դեմ: Այս մարտահրավերներից պետք չէ վախենալ, գաղափարական վեճերում պարտությունն անգամ հանուն Հայաստանի է: Սակայն եթե կա իշխանությունը պահելու խնդիր, ապա բացառված չէ, որ կլինի գայթակղություն՝ խուսափել անկանխատեսելի արդյունքով գաղափարական վեճերից, թմբկահարել գոյություն չունեցող նախկինների սպառնալիքը, դրա միջոցով հավաքել բոլոր հեղափոխական քվեները: Սա, իրոք, շատ արդյունավետ մարտավարություն է, բայց այդ արդյունավետությունը նախ շատ կարճաժամկետ է և, որ ավելի կարևոր է, ուղղակի հակասում է հեղափոխության տրամաբանությանը:

-Քոչարյանը վերջին հարցազրույցում ասում էր, որ հետո զղջալու է Փաշինյանը՝ իր հետ գլուխ դնելու համար: Սա սպառնալի՞ք էր Ձեր կարծիքով:

-Դա մեղադրյալի դատարկ հոխորտոց է: Քոչարյանը պետք է որ հասկանա, որ մարտի 1-ը իր ապագա մեղադրանքներից ընդամենը մեկն է: Դեռ բազմաթիվ նոր մեղադրանքներ են լինելու թե՛ իշխանության համակարգային յուրացման, թե՛ ապօրինի հարստացման, թե՛ հարակից այլ հանցանքների բազմաթիվ դրվագներով: Եվ ոչ մի Եվրադատարան նրան չի փրկի, անգամ եթե իր ստեղծած արդարադատության համակարգն անփութությամբ կամ դիտավորությամբ ինչ-ինչ սխալներ թույլ տա: Չի փրկի նաև Պուտինը, պարզապես չի հասցնի և չի էլ ուզի նման ռիսկի գնալ, որը մեզ առիթ կտար ևս մեկ անգամ հաստատել ժողովրդի իշխանություն՝ այս անգամ արդեն բացահայտ հակառուսական բովանդակությամբ՝ ձեռքի հետ բարի նախանձի նոր առիթ տալով ռուսական ընդդիմությանը:
Իհարկե դա կարելի է նաև վրեժի, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք համարել, բայց սովորաբար հաչող շունը չի կծում և, ամենակարևորը, Քոչարյանն իրեն «միակ տղամարդ» էր երևակայում, երբ տիրապետում էր իշխանական լծակներին, իսկ այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել: Վերջապես, անգամ եթե պատկերացնենք վատագույն տարբերակը, դա ոչ միայն քաղաքական փոփոխության չի հանգեցնի, ոչ միայն չի փրկի նրան, այլև ավելի կծանրացնի արդեն իսկ շատ ծանր մեղադրանքը:

 -Քոչարյանի շուրջ համախմբում նկատո՞ւմ եք: Վերջինիս՝ քաղաքականություն վերադառնալու հայտը ունի՞ հեռանկար:

-Ոչ, չեմ նկատում: Քոչարյանի շուրջ համախմբվելն այսօր բացարձակապես շահավետ չէ: Փոխարենը նկատում եմ թիվ մեկ մեղադրյալի կողմից առատորեն վարձատրվող ծառայություններ փաստաբանական և հանրային կապերի ուղղություններով, ինչպես նաև Քոչարյանի նեղ վիճակում նրանից մի քանի կոպեկ շահելու փորձեր շատերի, այդ թվում լուսանցքային քաղաքական անձերի կողմից: Բայց այդ ամենը չի կարող քաղաքականություն վերադարձնել մի մարդու, որն այնտեղ հայտնվել է իբրև քաջնազար, երբեք հանրային աջակցություն չի ունեցել ու միայն ատելություն է վաստակել: Նույնը վերաբերում է Սերժի շուրջ համախմբվելուն: Ուստի նրանց՝ քաղաքականություն վերադառնալը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի փաստացի արտոնությամբ, եթե վերջինս դրա հետ կապված ինչ-որ մութ հաշվարկներ ունենա ու, համապատասխան ազդակներ հաղորդելով, դրանց նախկին թիմակիցներին ուղղորդի համախմբվելու: Մասնավորապես, դա կարող է արվել քաղաքական դաշտը սևի ու սպիտակի բաժանելու և դրանից գաղափարական-քաղաքական բանավեճն ընդհանրապես դուրս մղելու նպատակով: Դա, բնական է, ոչ մի դեպքում չի հասնի սպառնալի ծավալների, բայց այդ ձևով մեզ կարող են նորից ստիպել համախմբվել Նիկոլ Փաշինյանի և իր «սպիտակ» թիմի շուրջ ու հարյուրերորդ անգամ մերժել ռոբիկ-սերժիկներին: Իսկ ե՞րբ է գալու նորմալ քաղաքական դաշտ, գաղափարական-քաղաքական բանավեճեր և դրանց վրա հիմնված ընտրությունների ժամանակը: Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա այդ ճանապարհով ու, ի վերջո, հավատարիմ կմնա հեղափոխական տրամաբանությանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝