Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

1

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է սենատորի  այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանագահող երկիր, ընդգծելով Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Արցախում և Ֆրանսիայում գործող բարեկամության շրջանակների դերը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Դիտվել է՝