Աղբահանության հետ կապված խնդիրները համընկան Մարգարյանի հրաժարականի հետ. «Սանիթեք»

saniteq

Երևանում աղբահանության խնդիրները կապված չեն մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Սեպտեմբերի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը: Նրա վկայությամբ՝ աղբահանության հետ կապված խնդիրները պարզապես համընկան քաղաքապետի հրաժարականի հետ, այսինքն՝ գործ ունենք զուգադիպության հետ, ոչ ավելին: «Մենք ոչ քաղաքականացված կառույց ենք, որևէ քաղաքական գործչի հետ կապված չենք»,- ասաց նա:

Էլ Թավիլը խոստովանեց, որ վերջին երեք ամիսներին ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Դրա պատճառն առկա խնդիրներն են. վնասվել է 2 հազար աղբաման, այսինքն՝ դրանց ընդհանուր թվաքանակի շուրջ 30 տոկոսը: Նուբարաշենի վատ ճանապարհների պատճառով աղբավայր գնալիս վնասվել են նաև ընկերության աղբատար մեքենաները: «Քաղաքապետարանը մեզ տուգանեց մոտ 25 միլիոն դրամի չափով: Մենք հարգում ենք այս որոշումը, բայց խնդրում ենք քաղաքապետարանին այդ գումարով աղբարկղներ գնել և տեղադրել դրանք քաղաքում, փոխհատուցել «Սանիթեքի» բոլոր վնասները»,- մեղադրեց ընկերության տնօրենը: Նրա վկայությամբ՝ «Սանիթեքը» 500 հազար եվրո է ներդրել նոր աղբատար մեքենաների ձեռք բերման համար: Դրանք ՀՀ կբերվեն մոտ ժամանակներս: Բացի այդ, բանակցում են «Մերսեդես» ընկերության հետ` մեր ավտոպարկը թարմացնելու համար: Սակայն այստեղ մի բայց կա. ներդրումների իրականացման հնարավորությունը պարզ կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո:

Էլ Թավիլն ասաց, որ ընկերությունն աշխատում է կորուստներով: Ընկերությունում աշխատում է ավելի քան 900 մարդ, տարեկան կտրվածքով աշխատավարձերի համար հատկացվում է 1.250 մլրդ դրամ: Ընկերության տնօրենը նաև տեղեկացրեց, որ ինքը կիսով չափ հայ է:

 

Դիտվել է՝