Երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրում տոկոսադրույքն ու կանխավճարը կնվազեն

karav nist

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա այդ ցուցանիշը նվազում է 9,5 տոկոս, որից Երևանում պետությունը սուբսիդավորում է երկու տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ստացվում է, որ Երևանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչև 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոսի:

Բացի այդ, ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս երիտասարդ ընտանիք է համարվում, եթե ամուսինների գումարային տարիքը 65 տարեկան է, հիմա առաջարկվում է այն դարձնել 70 տարեկան:

«Հաջորդը վերաբերում է կանխավճարին. եթե գործող կարգավորումներով կանխավճար է սահմանված 30 տոկոսը, ապա հիմա այս փոփոխությամբ կանխավճարը նվազեցվում է մինչև 10 տոկոս, իսկ այդ 20 տոկոս տարբերության համար կանխավճարի ապահովագրման ինստիտուտ է ներդրվում»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ նորակառույց բնակարան ձեռք բերելու դեպքում շահառուները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիփոթեքային վարկի տոկոսավճար օգտագործելու հնարավորությունից:

Ջանջուղազյանի խոսքով՝ նորակառույց բնակարանի դեպքում բնակարանի արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30 մլն դրամը, հետևաբար տրամադրվող վարկի առավելագույն գումարը կլինի 24 մլն դրամ, և այս դեպքում կանխավճարը կազմում է 20 տոկոսը: Այս դեպքում քաղաքացին կարող է օգտվել այդ 20 տոկոսից 10-ի ապահովագրման ինստիտուտից:

Դիտվել է՝