«Իրենք շտապել են հայտարարություններում, անհեթեթությունները չեմ մեկնաբանում». փաստաբաններ

pastabanner

«Դուք՝ որպես լրագրողներ, ավելի շուտ եք տեսել այդ մատյանը, քան ես՝ որպես պաշտպան: Եթե դա հանցագործություն է, ու ԱԱԾ ու ՀՔԾ պետերն արդեն գիտեն, թե այդ հանցագործությունը ով է արել, ապա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները: Մյուս կողմից էլ՝ եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են իրենք նման հրապարակային հայտարարություններ անում: Սա մանիպուլյացիա է». սեպտեմբերի 14-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների՝ օրեր առաջ ասուլիսում ցուցադրած այն մատյանին, որտեղ այն մարդկանց անուններն էին, ովքեր ստորագրել են առ այն, որ գումար են տվել բանակին վճարելու համար, որպեսզի վերջինս կրակի ժողովրդի վրա:

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնած այն պնդմանը, թե Տիգրան Աբգարյանը հրազենային վիրավորում է ստացել հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի հիմնավորվի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ զոհ ունենալու հայտարարությունը, Հայկ Ալումյանն ասաց, որ ասվածը շատ լուրջ հայտարարություն է, և նման բան ասելու համար նախ պետք է ասվեր կրակողի անունը, 2-րդը՝ մեղադրյալ պետք է լիներ: «Իրենք շտապել են հայտարարություններում»: Հովհաննես Խուդոյանն էլ պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը վերոնշյալ հայտարարությունը չի արել, չկա դրա վերաբերյալ տեքստը:

Անդրադառնալով նախօրեին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել է Ռոբերտ Քոչարյանն իր «փաստաբանների» հետ, փաստաբանական խմբի մեկ այլ անդամ՝ Արամ Օրբելյանը, ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում, որևէ հավելյալ մեկնաբանություն չեմ անի, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման»: Հայկ Ալումյանն էլ հավելեց. «Պարոն Քոչարյանն այնքանով կապ ունի այս գաղտնալսման հետ, որ բովանդակությունն է իրեն անմիջական վերաբերում»։

Հերթական հարցին, թե ով կարող էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, պաշտպանական խմբի 3-րդ անդամ Հովհաննես Խուդոյանը ենթադրություն հայտնեց, որ դա կարող էր արվել ԱԱԾ-ի ներսից։

Հայկ Ալումյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել ՀՔԾ-ում: «Մեր դատավարական փաստաթուղթը պարունակելու է պահանջ՝ այդ կառույցից գործը վերցնելու և այլ կառույցի փոխանցելու վերաբերյալ: Հասկանալի է, որ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը (պաշտոնական լիազորությունները անցնել) չի կարող քննվել այդ կառույցներից որևէ մեկում»,- հայտարարեց փաստաբանը՝ նկատի ունենալով ՀՔԾ-ին ու դատախազությանը:

Դիտվել է՝