«Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելուց կամ պատին դեմ տալուց, դրանք օրինական գործողություններ են». ոստիկանապետ

osipyan

«Արդյունքները միշտ էլ կան, մենք միշտ էլ ունենում ենք արդյունքներ, այն ամենը, ինչ ունենում ենք, չենք լուսաբանում: Կան բաներ, որ չենք լուսաբանում»,- նման պատասխան տվեց ՀՀ ոստիկանապետը սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում այն հարցին ի պատասխան, թե ինչ ռեյդեր են արվել վարչապետի հանձնարարականից հետո, և ինչ արդյունքներ են գրանցվել:

Ըստ ոստիկանապետի՝ ցանկացած հանձնարարական կատարվում է և զեկուցվում է: Այդ գործընթացը մշտապես շարունակվում է, ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, դրանք ենթակա չեն հրապարակման:

«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում քաղաքացում գետնին պառկեցնելուց կամ պատին դեմ տալուց, դրանք օրինական գործողություններ են: Իսկ ոմանց մոտ երբեմն զենքեր են լինում, զինված մարդը իրավապահների համար միշտ էլ վտանգավոր է»,- նշեց ոստիկանապետը: Նա դատապարտեց գաղտնալսումը՝ նշելով, որ այն թույլատրված է միայն օրենքով սահմանված դեպքում՝ դրա իրավունքն ունեցող ծառայությունների համար:

Այն դիտարկմանը, թե համացանցում օպերացիաների վերաբերյալ համապատասխան տեսանյութեր կան, ոստիկանապետն ասաց, որ դրանք տեղադրել է ոչ թե ոստիկանությունը, այլ մասնավոր անձինք:

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին բերման ենթարկելուն, ապա օպերացիան արվել է հանրությունից ստացած այն բողոքների հիման վրա, որ մեքենաներով ազդանշանային համակարգը միացրած շրջում են քաղաքում՝ խանգարելով համաքաղաքացիների անդորրը:

Անդրադառնալով Միքայել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ունենալու մասին ՌԴ հայտարարությանը՝ ոստիկանապետն ասաց, որ ինքն անձամբ չի իմացել, որ պաշտպանության նախկին նախարարը ՌԴ քաղաքացիություն է ունեցել: Դիտարկմանը, թե դա Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քա՞յլ է համարում, Վալերիյ Օսիպյանն ասաց՝ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է:

Դիտվել է՝