Կառավարությունը կմեղմի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կանխավճարի վճարման դժվարությունները

gov

Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց մի որոշում, որով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար ավելի հասանելի կդառնա բնակարանի ձեռք բերումը:

Ըստ այդմ՝ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Այսպես, առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռք բերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Բացի այդ, նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկոսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ի դեպ, այս դեպքում ևս շահառուները կարող են ձեռք բերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Նախագծի նախաձեռնողների վկայությամբ՝ արդյունքում կբարձրանա ծրագրի հասանելիությունը. երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, ինչից էլ շղթայական ռեակցիայով անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժություն կնկատվի:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրի համար պետությունն այս տարիների ընթացքում 2,4 միլիարդ դրամի ծախս է արել, և 3342 միավոր գործարք է եղել:

Նա նշեց, որ ծրագրի տրամաբանությամբ Երևանում 2%-ն է սուբսիդավորվել, իսկ մարզերում՝ 4%: Առաջարկվում է նվազեցնել 10, 11% առավելագույն սահմանը՝ այն դարձնելով 9,5%, ինչը նշանակում է, որ մարզերում մասնակիցները հնարավորություն կունենան հիփոթեքային վարկ ստանալ 5,5%, իսկ Երևանում՝ 7,5%-ով: Նախարարի վկայությամբ՝ նախատեսվում է բարձրացնել նաև զույգերի տարիքային շեմը՝ ամուսինների տարիքի ընդհանուր գումարը 65-ից դարձնելով 70:

Նորամուծություն կա նաև կանխավճարի համար. մինչ այժմ այն կազմել է 30%, և այժմ կանխավճարի ապահովագրման ինստիտուտն է ներդրվելու, այսինքն՝ կանխիկ միջոցներով կանխավճար կարող է տրամադրվել 10%-ի չափով, իսկ 10-ից 30% տարբերության համար կարող է ներկայացվել ապահովագրություն, որը կբարելավի վարկառուի համար կանխիկ հոսքերի կառավարման հարցը»,- պարզաբանեց նա:

Ինչպես նշեց Ատոմ Ջանջուղազյանը, նախագծով հնարավորություն է ընձեռվում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան՝ որոշակի սահմանափակումներով: «Այդ դեպքում քաղաքացիներն օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիփոթեքային վարկի տոկոսավճար փոխհատուցումն օգտագործելու հնարավորությունից, բայց չի սուբսիդավորվելու, և կարող են ձեռք բերել առավելագույնը 30 միլիոն դրամով բնակարան»,- պարզաբանեց նախարարը:

Դիտվել է՝