Փաշինյանի «վա բանկն» այլևս այլընտրանք չունի

pashinyan

Սկանդալային գաղտնալսման և հայաստանյան ներքաղաքական զարգացումների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է մեկնաբան Արա Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, Հայաստանում լրջագույն զարգացումներ են տեղի ունենում, թվում է՝ կոմպրոմատների պատերազմ է: Գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերը, Փաշինյանն ի պատասխան կոշտ հայտարարություններով հանդես եկավ: Ի՞նչ փուլ է տեղափոխվել Հայաստանը, և ի՞նչ զարգացումների սպասել:

-Հաստատվելուց ի վեր Փաշինյանի կառավարությունը գնաց նախորդների հանցագործությունները բացահայտելու ճանապարհով, որն անձամբ ես սխալ եմ համարում։ Փաշինյանի ձեռքին է գտնվում միայն կառավարությունը, որը որպես լծակ բավարար չէ նման ծանրագույն գործն իրացնելու համար։ Հին համակարգն ահռելի մի կառույց է, որն իր հանցագործությունների մեջ մեղսակից է դարձրել երկրի բնակչության երևի 20 տոկոսին։ Այնպես որ, հեշտ չի լինելու։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը պետք է կենտրոնանար տնտեսության զարգացման վրա ու դրանով իսկ արտագաղթը կանգնեցներ։ Բայց իր այս ճանապարհն էլ ինձ համար լրիվ մերժելի չէ, որովհետև ես լիարժեք ինֆորմացված չեմ, թե ինչ վիճակում է և ում ձեռքին է գտնվում տնտեսությունը։ Շատ հնարավոր է, որ հինը չապամոնտաժելով՝ միգուցե անհնար էր նորը ներդնել։ Այնպես որ, այս հարցն ինձ համար բաց հարց է։ Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, դա Հայաստանի դեմ ուղղված քայլ էր, և դրա վկայությունն, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի հայցն էր եվրապառլամենտում, որը տարրական դավաճանություն է։ Ես ինձ ազատ եմ զգում հենց այդ բառն օգտագործելու, որովհետև այս վիճակում գտնվող երկրի պարագայում ներքին իշխանական հանցագործների մասով դրսերին դիմելն ու օգնություն խնդրելն ակնհայտորեն չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, դա նաև քաղաքական տհասության վկայություն է։

- Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի թիմի առաջ ծառացած մարտահրավերները: Ակնհայտ է, որ հակահեղափոխությունը ոչ միայն քնած չէ, այլ նաև ակտիվորեն գործում է՝ ավելի նենգ, ավելի թիրախավորված:

-Փաշինյանի առջև ծառացած համար 1, 2, 3 և 9-րդ խնդիրը մեր հանրային արժեքայինը վերակերտելն է։ Ու նոր, արդեն այդ հիմքով, դարին համապատասխան առաջնային հարցը՝ քաղաքացուն ու ինստիտուտացված հանրություն կերտելն է։ Նիկոլը պետք է հեռուստաընկերություններով ամենօրյա ելույթներ ունենա և աստիճանաբար արմատախիլ անի մեզանում արմատացած պրիմիտիվ, տարրական ապաքաղաքացիականությունն ու հակամարդկային վարքի տաբուները, որոնք առկա են մեր արժեքայինում՝ դեռ Խորենացուց սկսած։ Սակայն, չնայած այս թեմայով բազմաթիվ ակնարկներին, խնդրանքներին ու խոսակցություններին, Փաշինյանը չի գնում այս քայլին։ Ես դրա բացատրությունը չունեմ։

- Ձեր գրառումներից մեկում նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»: Նախկին իշխանությունների և քաղաքականություն վերադառնալ պատրաստվող Ռոբերտ Քոչարյանի համար էլ կարծես միակ ճանապարհը «վա բանկ» գնալն է: Այս առճակատման մեջ որտե՞ղ է ՀՀ քաղաքացին, և ո՞րն է նրա անելիքը:

-Ես արդեն նշել էի, որ Նիկոլը գնաց նախկիններին պատժելու ճանապարհով և տրամաբանորեն հանդիպեց կոշտ ու էշելոնացված դիմադրության։ Հիմա արդեն կես ճանապարհին կանգնել չի կարելի։ Նիկոլը պետք է առաջ գնա իր նախանշած ճանապարհով և գնում է։ Այդ ճանապարհին առաջին քայլերը հենց զինյալների վնասազերծումն է ու դրանով նաև սեփական իշխանության անդամներին զգաստացնելը։ Ես դրական եմ գնահատում այս քայլերը, որովհետև նաև հանրությունն է կոնսոլիդացվելու և նոր սկզբունքներով ապրելու։ Փաշինյանի «վա բանկն» այլևս այլընտրանք չունի։ Եվ բոլորովս պետք է աշխատենք այդ գործին մեր մասնակցությունը բերել և ակտիվորեն մերժել մեր մեջ բուն դրած սրիկային, պնակալեզին, տականքին, մակաբույծին:

-Հակահեղափոխականները կարող ենք ասել, որ հավաքվում են Քոչարյանի շուրջ: Վերջինիս՝ քաղաքականություն վերադառնալու հայտը ունի՞ հեռանկար:

-Իր շուրջ կարող են հավաքագրվել միայն թալանին մասնակցած քրեականները։ Դա քաղաքական պրոցես կամ մոտիվ չի կարող համարվել: Քոչարյանն ինքը իր պաշտպանությանը քաղաքական երանգ է տալիս, բայց նպատակն իր ունեցվածքի պաշտպանությունն է, իր անձի ու բարեկամների անվտանգության և չբանտարկվելու հարցը։ ՀՀԿ-ն սա գիտակցում է, և եթե պաշտպանված լինելու երաշխիքներ ունենա Փաշինյանից, կերջանկանա ու հանգիստ կհեռանա իշխանությունից։ Այ այս նկատառումներով նախորդը հիմնովին է պարտվել, որովհետև այն քաղաքական համակարգ չէր, այլ իշխանությունը որպես քող և լծակ օգտագործող քրեական խմբակ էր։ Ու նաև դա է պատճառը, որ այն վերադառնալու ոչ մի շանս չունի։ Մարդիկ Հայաստանում և արտաքին գործընկերները դրսում ևս չեն կարող թույլ տալ, որ այդ քրեախումբը կամ դրա նմանակը վերադառնա իշխանություն։ Դա բացառված է։ Սակայն բացառված չէ սաբոտաժի կամ էլ պաշտոնեական անհամապատասխանության ու ոչ կոմպետենտության պատճառով Փաշինյանի կառավարության ճգնաժամը, որը կարող է վերջանալ նաև պետության ինքնափլուզումով։

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝