«Եթե ինքնասպանություն է, զենքն ի՞նչ գործ ունի հեռու տարածության վրա՝ հանցանշաններն էլ մաքրած». զինվորի հարազատներն արդարություն են պահանջում

nkkk

2018 թվականի մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվեց ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Ծնողներին փոխանցված վարկածը եղել է ինքնասպանությունը, որին, սակայն, նրանք չեն հավատում և պահանջում են դեպքի հանգամանքները լիարժեք ուսումնասիրել և գտնել մեղավորներին ու պատասխանատվության կանչել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում զինվորի պապիկը՝ Ֆերդինանտ Սարգսյանը, պատմեց, որ թոռը 10 ամսվա ծառայող էր: Չնայած ուներ հիվանդություն, սակայն զորակոչվել էր բանակ: Բանակային կորպուսի հրամանատարի տված բնութագրականի համաձայն՝ Մարտին Խաչատրյանը եղել է կարգապահ, բարեխիղճ զինվոր:

«Կատարվածը սպանության վարկածին ավելի է համապատասխանում: Նկարը կար՝ սպանված, ընկած, զենքն էլ ահագին հեռու էր դրված: Քննիչից իմացել ենք, որ փորին են կրակել, ակնթարթային մահացել է, կպել է արյունատար անոթին: Ակնթարթային մահանալու դեպքում զենքը պետք է ընկներ ոտքերի տակ, ոչ թե մի երեք մետր այն կողմ ծալած, խնամքով դրված: Սպանվածի հայրն է տեսել նկարը և զարմացել, թե եթե ինքնասպանություն է, զենքն ի՞նչ գործ ունի հեռու տարածության վրա՝ հանցանշաններն էլ մաքրած: Այդպիսի բան հնարավո՞ր է, մահացածը զենքը մաքրեր, տաներ դներ հեռու: Դա նշանակում է կողմնակի մարդ է եղել այդտեղ, մարդասպան է գործել: Որոշ ժամանակ անց քննությունը տեղափոխեցին Երևան: Քննիչն առհասարակ մեր ոչ մի հարցին չպատասխանեց: Փորձաքննությունների մասին էինք ուզում իմանալ մանրամասն, բայց ինքը բացարձակ ոչ մի բան չասեց: Ես արդեն հասկացա, որ դրական բան այս գործից չի կարելի ակնկալել: Ինքն էլ ասեց՝ հա, ինքնասպանության վարկած է: Բայց ինչի՞ ինքնասպանություն: Ես գտնում եմ, որ այդ վարկածը սխալ է»,- նշեց զինծառայողի պապիկը:

Այս ընթացքում բազմաթիվ նամակներ է գրել՝ ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ վարչապետին: «Իրենք նամակներն ուղարկում են քննիչին, քննիչն էլ ասում է, որ կանեն ամեն ինչ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մի խոսքով՝ մենակ խոսքեր, գործնական ոչ մի բան: Դեպքից երեք ամիս է անցել, վերջերս է քննիչն ասել, որ Մարտինը խմած է եղել, որ անալիզի պատասխանն է այդպիսին: Բայց իմ ձեռքի տակ կա կորպուսի հրամանատարի նամակը, որտեղ չկա ոչ մի դժգոհություն: Իմ թոռը հիվանդ է եղել, բայց երբեք չի դժգոհել, չի դիմել, չի անհանգստացրել նաև բուժանձնակազմին: Եվ կորպուսի հրամանատարի նամակում կա այդ մասին գրված: Ինքը ոչ ծառայությունից է դժգոհել, ոչ հիվանդությունից: Սրտի հիվանդություն ուներ և բրոնխների: Մի քիչ գործ աներ՝ ճնշումը կբարձրանար, մրսեր՝ ջերմությունը, բայց համբերատար տարել է և երբեք չի դժգոհել: Շատ էլ հայրենասեր էր, ոգևորված էր, որ գնացել էր բանակ: Միշտ ասել է՝ ոնց բոլորը, այնպես էլ ես, որ շատ լավ եմ, իմ մասին մի մտածեք: Հետո որ իմացանք խմած է եղել, զարմացանք, որովհետև ես գիտեմ, որ թոռս խմիչք չի սիրում: 10 ամիս ծառայել է ինքը այդ զորամասում, եթե ինքը խմիչքի հակում ունենար, պետք է փորձեր ինքնակամ լքել զորամասը: Եթե նման բան, Մարտինին չէին բնութագրի որպես կարգապահ զինվոր:

Կատարվածը սպանություն է: Հաշվի եմ առնում նաև այն, որ ինքը երկու շաբաթ շարունակ դիրքերում է եղել: 13-րդ օրը դիրքերում էդ ո՞վ իրեն արաղ բերեց տվեց, որ ինքը խմե… Դա հնարավոր բան չէ»:

Զինծառայողի պապիկը բաց նամակ է գրել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Պահանջը թոռան մահվան հանգամանքների օբյեկտիվ հետաքննությունն է: «Սա նշանակում է անարգել իմ թոռան հիշատակը: Ինքը հայրենիքին նվիրված ծառայող էր, ինչո՞ւ պետք է նրա հիշատակն անարգեն: Դա ինձ համար շատ վիրավորական է: Մեղավորներն էլ հիմա ման են գալիս: Ինչո՞ւ պետք է չպատժվեն, չէ՞ որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եթե այդ զորամասի մեջ այլանդակ գոյություն ունի, ով դիմել է այդ քայլին, ինչո՞ւ պետք է չպատժվի, որ նոր հանցագործություններ տեղի ունենան»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝