ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը մեկնաբանում է ՀՔԾ պետի հետ զրույցի գաղտնալսումը

41627621_301693373757393_1235941272523374592_n

ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները հաստատում են փաստը, որ ձայնագրությունը, որը հրապարավել է հենց իրենց մասնակցությամբ է: «Ուզում եմ հաստատել, որ այդ խոսակցությունը իրականում մեր մասնակցությամբ է»,-ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ խոսակցությունը կայացել է հունիսին՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնի որոշումը կայացնելու օրը: Ինքն այդ ժամանակ ՀՀ-ից դուրս՝ Ժնևում է եղել, խոսակցությունն էլ կայացել է օդանավակայանի ճանապարհին՝ մեքենայի մեջ: ԱԱԾ պետը խոսակցության՝ համացանցում հայտնվելը շատ տարօրինակ համարեց, փաստի առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Բոլոր պատասխանատուները կպատժվեն, վստահեցրին նրանք: Այն հարցին, թե չի՞ կարծում, որ տեսագրությունը համացանցում է հայտնվել հենց ԱԱԾ աշխատակիցների միջոցով, ԱԱԾ պետը նշեց, որ չի կարծում, որ ծառայությունում կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց ղեկավարի հանդեպ նման դավաճանական արարք կգործեն:

«Սա նման է մի բանի, որ խրամատից թշնամուն կրակող զինվորին թիկունքից հարվածեն»: Քիչ անց էլ ԱԱԾ պետն ասաց, թե վաղն էլ կարող է տեսագրության 2-րդ, 3-րդ սերիան հայտնվի: «Եթե կան նման ձայնագրություններ, ապա թող ցույց տան միանգամից, որ մենք այստեղ էլ չգանք»:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց խոսակցությունը կապված էր այն մտահոգության հետ, թե արդյոք ճիշտ է, որ առանց ձերբակալելու անձը ներկայացվում է դատարան, և դատարանի կողմից պետք է քննության առնվի հարցը, այն դեպքում, երբ անձը գտնվում է ազատության մեջ, իսկ ինքն էլ խոսում է ձերբակալման հիմքերի մասին, որովհետև գործընկերը՝ ԱԱԾ պետը, ստացել էր հաղորդագրություն, որ հիմքերի հետ կապված խնդիր է եղել: Նա ասել է, որ բոլոր միջնորդություններն ուղարկվելու են դատարան: Այն հարցին, թե տեսագրության մեջ հնչում է գործը քննած դատավորի անունը, ԱԱԾ պետն ասաց, որ ինքը չի ճանաչում դատավորին: Իսկ հրապարակված ձայնագրության մեջ ասվում էր. «Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած էր դատավորը, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես-չուզես պիտի տաս: Վոբշեմ կփակի»:

ԱԱԾ պետը նկատեց, որ խոսակցությունը եղել է ոչ պաշտոնական, և 1-2 բառ էլ կարող է ավել-պակաս ասվել: Հարցին, թե իրենք մտադիր չե՞ն հրաժարական տալ այս պատմությունից հետո, բանախոսներն ասացին, որ իրենք կհեռանան միայն այն դեպքում, երբ նման պահանջ կներկայացնի հանրությունն ու ղեկավարությունը, իսկ քիչ անց էլ նույն հարցի վերաբերյալ Ա.Վանեցյանը հայտարարեց, որ կհեռանա Մարտի 1-ի բացահայտումից հետո, ու հանգիստ կքայլեն Երևանի փողոցներով: Կառույցների ղեկավարները հայտարարեցին, որ տեղի ունեցածը մի խղճուկ փորձ էր իրենց լռեցնելու, որ իրենք դադարեցնեն կոռուպցիայի դեմ պայքարը, չի հաջողվի, ընդհակառակը, իրենք գնալու են մինչև վերջ: Բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջև, թալանված գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին: Իսկ խոսքը միլիարդավոր գումարների մասին է: «Այն, ինչ մենք ներկայացրել ենք, կեսի կեսն է»,- ասաց ԱԱԾ պետը:

Դիտվել է՝