Արցախում ՀՀ իշխանությունների դեմ գործող մի խումբ կա

68395_b

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, ՀՀ նոր կառավարությունն ամփոփեց 100 օրը: Արցախի հարցում ինչպե՞ս աշխատեց ՀՀ նոր կառավարությունը: Կա՞ն արդյոք բանակցություններ:

-Ես չեմ կարծում, թե մինչև Հայաստանում արտահերթ ընտրություններ բանակցություններ կլինեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ԱԳ նախարարների հանդիպումներն իրար հետ ուղղակի ծանոթության նպատակ ունեին:

-ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը թերևս արտահայտվում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած այն հայտարարությամբ, որ Արցախի ժողովրդի կողմից լիազորված անձն է բանակցելու Արցախի հարցով, և որ ինքը կբանակցի միայն Հայաստանի ժողովրդի անունից: Սակայն ՀՀԿ որոշ գործիչներ վերջերս հայտարարեցին, որ Փաշինյանը մոռացավ իր այդ հայտարարությունը և վերադարձավ բանակցությունների այն կետին, որին հասել էին նախորդ իշխանությունները: Արդյոք դա այդպես է, ի՞նչ եք կարծում:

-Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց կարծես Փաշինյանը որևէ կետի էլ չի վերադարձել: Նրա հայտարարության իմաստն այն էր, որ հարցը պետք է վճռվի Արցախի ժողովրդի կամարտահայտությամբ: Պետք է նկատել, որ Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է իր կամարտահայտությունն այս հարցով, և ՀՀ և Արցախի իշխանությունների ջանքերը պետք է ուղղված լինեն այս կամարտահայտության միջազգային ճանաչմանը:

-Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ նախորդ իշխանությունները հող տալու հարցի շուրջ են բանակցել, իսկ ինքը՝ ոչ: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այո, նախկինում տարածք հանձնելու թեման մշտապես եղել է բանակցությունների սեղանին: Պետք է նկատել, որ հակամարտությունը ծագել է այն ժամանակ, երբ քննարկվող տարածքներն ուղղակի Արցախի մաս չէին: Հետևաբար տարածքների հարց քննարկելն անիմաստ է, որովհետև հակամարտության լուծման հետ դա որևէ կապ չունի:

-Նոր կառավարության կողմից տեսնո՞ւմ եք հստակ ծրագիր, մոտեցումներ Արցախը բանակցային սեղանին բերելու ուղղությամբ:

-Առայժմ տեսնում ենք միայն հայտարարություն, որ Արցախի անունից իրավասու են բանակցել միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, դրույթ, որ ամրագրված է նաև ԵԱՀԿ փաստաթղթերում:

-Պարոն Խանումյան, Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո խոսվում է այն մասին, որ նա կարող է Արցախը հակահեղափոխության կենտրոնի վերածել: Տեսնո՞ւմ եք նման վտանգ:

-Արցախում ՀՀ իշխանությունների դեմ գործող մի խումբ կա, բայց դա որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Դա ավելի շատ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ կապված ուժայինների մի խումբ է, որի նպատակն ամեն գնով պետական բյուջեն, բանակը թալանելու իր «իրավունքը» պաշտպանելն է, նախկին հանցագործությունները շարունակելը, ուժային կառույցները սեփական նպատակների համար օգտագործելն է:

-Մյուս կողմից նկատելի էր, որ Արցախից հազարավոր քաղաքացիներ մասնակցեցին Փաշինյանի հրավիրած մեծ հանրահավաքին: Սա ինքնաբո՞ւխ էր: Եթե կազմակերպված էր, ապա ո՞ւմ կողմից, և ի՞նչ տրամաբանություն կա քաղաքական այս տարբեր դիրքորոշումների միջև՝ մի կողմից Քոչարյանին սատարելու, մյուս կողմից՝ Փաշինյանին:

-Արցախից օգոստոսի 17-ին հանրահավաքին մասնակցելու տարբեր խմբեր են գնացել Երևան, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Նրանց մեծ մասը կազմակերպված էր տարբեր կազմակերպությունների ու նախաձեռնությունների կողմից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝