Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը

timthumb

ՀՀ ԱԺ-ն 2011թ. ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքը, որով սահմանվեցին ՀՀ-ում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, կարգավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման հետ կապված հարաբերությունները։ 2012թ. ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Դրա առաքելությունն արդար կառավարման համակարգի ներդրումն ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելն է:

ՀՀ բարձրաստիճան անձինք օրենսդրական պահանջների համաձայն հանձնաժողովին են ներկայացնում իրենց ու իրենց փոխկապակցված անձանց գույքն ու եկամուտները:

ԳԱԼԱ-ն փորձել է համեմատական կարգով ներկայացնել, թե ինչ կարողություն են ներկայացրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Համեմատականը սկսում ենք գործադիր իշխանությունից:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվեց 2016թ. սեպտեմբերի 13-ին:

Նույն թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետի լրացրած հայտարարագրում նշված է, որ ունի 4 բնակարան, 50 մլն դրամի արժեթղթեր, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ, 8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց։

Անշարժ գույքի բաժնում Կարապետյանը հայտարարագրել էր նաեւ մեկ ամառանոց:   Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի՝ պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազ դրամ: Ընդհանուր եկամուտը կազմել է 32 մլն 898 հազ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի: Ըստ հայտարարագրի՝ Կարապետյանն ունի նաեւ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 մակնիշի ավտոմեքենաներ: Վարչապետի ընտանիքի անդամների՝ պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:

Նիկոլ Փաշինյանը 2018-ի մարտի 29-ին ներկայացրել է 2017 թվականի հայտարարագիրը: Դրա համաձայն՝ 2017 թվականին ձեռք չի բերել և չի օտարել անշարժ գույք, ավտոմեքենա կամ այլ շարժական գույք: Փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 1 մլն 12 հազար դրամ, տարվա ընթացքում նույնչափ գումար վերադարձվել է, իսկ տարվա ավարտին փոխառության գումար չի ունեցել:

Նույն՝ 2017 թվականին փոխառության գումարը կազմել է 129 հազար դրամ, որից 44 հազար դրամը վերադարձվել է հարկային տարում, իսկ տարվա ավարտին փոխառության գումարը կազմել է 85 հազար դրամ:

Նույն ընթացքում նշվում է նաև փոխառված 218 հազար դրամի մասին, որից 149 հազար դրամը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում, իսկ փոխառված գումարը հարկային տարվա ավարտին կազմել է 69 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանը որպես դրամական միջոց տարվա սկզբին նշել է 430 հազար դրամ, տարվա ավարտին՝ 790 հազար դրամ:

Որպես տարեկան եկամուտ Նիկոլ Փաշինյանը նշել է պատգամավորի աշխատավարձը, որը տարեկան 6 մլն 941 հազար դրամ է: Որպես ստացած նվիրատվություն նշվել է 1 մլն դրամ գումարը: Ըստ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանն ունի 7 մլն 941 հազար 520 դրամ:

 Հաջորդիվ անդրադարձ կկատարվի նախարարների հայտարարագրած միջոցներին:

(շարունակելի)

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝