Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տուգանքների համաներմանն առնչվող և մի քանի այլ օրինագծեր

aj

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին արտահերթ նստաշրջանի օրակարգային բոլոր հարցերը: Մասնավորապես, «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 68,  դեմ՝ 1 պատգամավոր, և 2-ն էլ ձեռնպահ էին:  Միակ դեմ քվեարկողը ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն էր, որն ավելի վաղ իր ելույթում նշեց. «Սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է»:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է համաներել  2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումների տուգանքները, որոնք 13,7 մլրդ դրամի գումար են կազմում: Համաներումը տարածվում է տեսանկարահանված ու  լուսանկարահանված 150,000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700,000 վարչական իրավախախտումների վրա: Օրինագծով սահմանվել են այն իրավախախտումները, որոնց վրա համաներումը չի տարածվում:

ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Միաձայն՝ համապատասխանաբար 78  և 79 կողմ ձայներով ընդունվեցին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընդունված նախագծերի դրույթների մի քանի մանրամասներ ԳԱԼԱ-ն արդեն ներկայացրել է:

 

Դիտվել է՝