«Բերեք Քրքորյանի արձանը տեղափոխենք ջրմուղի կողքը, թանգարանը՝ հիվանդանոցի նախկին շենքում»

gala

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  գտնում է, որ Շիրակի երկրագիտական թանգարանը Գյուլբենկյանի անվան  նախկին հիվանդանոցի շենք տեղափոխելն աննպատակահարմար է:

 Մշակույթի նախարարին ուղղված պատասխան նամակում Բալասանյանը առաջարկում է Բուլվարային թաղամասում գտնվող  վիճակագրական վարչության շենքում տեղակայել թանգարանը, իսկ  նախկին հիվանդանոցում՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունները:

Ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո քննարկվեց այս հարցը: Բալասանյանը նշեց, թե ընդամենը իր կարծիքն է հայտնում եւ մնում է այդ կարծիքին, որ ավելի նպատակահարմար է հիվանդանոցի շենքը ծառայեցնել որպես վարչական շենք, թանգարանի համար այն հարմար չէ: Ի պատասախան Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը  առաջարկեց Քրք Քրքորյանի արձանը տեղափոխել կենտրոնից, իսկ բացառիկ մշակութային արժեք ունեցող շենքը՝ կենտրոն:

Հիշեցնենք, որ Շիրակի երկրագիտական թանգարանի խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Շենքային պայմանների բացակայությունը խոչընդոտում է թանգարանի բնականոն գործունեությանը:

Մշակույթի նախարարը նախորդ ամիս Գյումրիում էր: Նա նշեց, որ ծանոթ է թանգարանի խնդրին և վստահեցրեց, որ մոտ ժամանակներում Շիրակի երկրագիտական թանգարանի խնդիրը լուծում կստանա:

Իրատեսական տարբերակներից մեկը հենց Գյուլբենկյանի անվան վիրաբուժական նախկին հիվանդանոցի շենքը թանգարանին տրամադրելը, որը, սակայն, վերանորոգման կարիք ունի:

 

Դիտվել է՝