Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը Գյումրիում ժամանցի և հանգստի գոտի կկառուցի

received_2104918856250014

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին կից տարածքում՝ Բարեկամության այգում, կկառուցվի ժամանցի և հանգստի գոտի: Համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանու վավերացմանն էր ներկայացվել Գյումրիի համայնքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված հուշագիրը: 7,5 հա մակերեսով տարածքը 99 տարի ժամկետով և կառուցապատման իրավունքով տրամադրվում է հիմնադրամին: Այս տարածքում տեղադրված են տնակներ:

Հիմնադրամը ստանձնել է պատրաստակամություն անօթևան անձանց տրամադրել դրամական միջոցներ բնակարաններ ձեռք բերելու համար: Նշենք, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրը գործարար Ռուբեն Վարդանյանն է:

Հողատարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճար պետք է սահմանվի պայմանագրի կնքման պահին հողատարածքի կադաստրային արժեքի 1%-ի չափով:
Հիշեցնենք, այս այգում ժամանակին ծրագրեր կային երկրաշարժի զոհերի հուշահամալիր կառուցելու: Տեղահանվեցին տարածքում ապրող ընտանիքներից շատերը: Հուշահամալիր չկառուցվեց: Տարածքը քանդված մնաց տարիներ շարունակ:
Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե կա՞ն արդյոք երաշխիքներ, որ Բարեկամության այգում ապրող շուրջ 30 ընտանիքի բնակարանային հարցերը կլուծվեն: Համայնքապետարանից վստահեցրին՝ խնդիրներ չեն լինի:

Գյումրիի ավագանին որոշեց նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը 99 տարի ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N2/6 հասցեի շենքը: «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը ցանկություն է հայտնել մոտ 1 մլն դոլարի չափով ներդրում կատարել, վերակառուցել շենքը և այն վերածել արհեստագործական կենտրոնի: Շենքում սակայն ապրում է 11 ընտանիք: Ընկերությունը ստանձնել է պատասխանատվություն այդ ընտանիքներին ապահովել բնակարաններով:
Ընկերությունը խնդրել է նաև ՀՀ կառավարության հետ համաձայնեցնել նույն հասցեի երկրորդ մասնաշենքը ձեռք բերելու հարցը՝ դարձյալ 1 մլն դրամ ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնելով:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցն առնչվում էր «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին տարածք տրամադրելուն: Հիշեցնենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ Գյումրիում կառուցել է «Օյունջյան» վարժարանը, «Վարդուհի» արվեստի դպրոցը, «Աղավնի» արհեստի կենտրոնը:

Բարերարը ցանկացել է իր ծախսերով կառուցել նաև համերգասրահ, սակայն այդ հասցեում (Մհեր Մկրտչյան N47/6), որը խնդրել է տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, գործում է «Գյումրիի ժողգործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ը: Համայնքի ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն օրեր առաջ էր բարձրաձայնել այդ խնդիրը:

Շիրակի մարզպետից ևս գրություն էր ուղարկվել, որ նվագախմբի՝ նոր շենք տեղափոխվելու հարցին լուծում տալուց հետո միայն պետք է հիմնադրամին համապատասխան փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացնել: Համերգասրահի կառուցման թույլտվության նախապայմանը կլինի ժողգործիքների պետական նվագախմբի համար նոր շենքի ձեռք բերումը: Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով կտրվի 99 տարի ժամկետով:

Դիտվել է՝