Հետընտրական գնահատականներ, քաղաքական հայտարարություններ և այլն. սեպտեմբերի 24-ի ամփոփումը

93649

Օրվա առանցքը Երևանի ավագանու կայացած ընտրություններն էին: ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները, որոնց համաձայն՝ 12 քաղաքական ուժերից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 294,109 ձայն կամ 81.05 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112): Մնացած ուժերը 1 տոկոսի արգելքն էլ չեն հաղթահարել:

Հետընտրական այս շրջանն առանձնացավ նրանով, որ ընտրական մարաթոնին «պարտված» ուժերը շնորհավորեցին ավագանի անցած ուժերին, ինչը նոր քաղաքական մշակույթի արտահայտություն է:

Արդյունքների ամփոփմանը, ինչպես սպասվում էր, հետևեցին գնահատականները: Դրանք ներկայացրին թե՛ դիտորդական խմբերը, թե՛ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները, թե՛ ընտրական գործընթացի կազմակերպիչ կառույցի՝ ԿԸՀ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա՝ լիարժեք ծավալով ապահովվել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկությունը: Ընտրողների մասնակցության թիվն էլ խոսում է բարձր ակտիվության մասին: Եթե առավոտյան ավելի քիչ էին այցելում տեղամասեր, ապա կեսօրից բավական բարձրացել էր ընտրողների այցելությունը, ինչն արտացոլվել է ցուցանիշներում:

«Այս ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, չկար թաղային հեղինակությունների հոգեբանական ճնշումը»,- գնահատեց «Ականատես» դիտորդական խումբը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ արձանագրեց, որ հաղթանակը ոչ թե «Իմ քայլի» հաջողությունն է, այլ մեր ժողովրդի արժանապատվության վերականգնումը՝ 100 տոկոսով։ «Մենք թոթափեցինք ընտրակաշառք վերցնող ազգի խարանը։ Այլևս վերադարձ չկա դեպի անցյալ»,- սոցցանցի իր էջում գրել էր նախարարը:

Իսկ քաղաքական ուժերը միաձայն պնդեցին, որ այս ընտրությունները լեգիտիմության խնդիր չունեն:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Վահան Կոստանյանն այն կարծիքը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի 81 տոկոս քվեները փաստում են, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է:

«Մենք եկել ենք երևանցիների շահերը պաշտպանելու»,- խոստացավ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը:
Թեկնածու չառաջադրած ուժը՝ ՀՀԿ-ն, ի դեմս Վահրամ Բաղդասարյանի, արդյունքները համարեց սպասելի, սակայն ընկալելի չհամարեց վարչապետի կողմից նման ակտիվությամբ քարոզարշավին մասնակցելը: Նախկին իշխող ուժի ներկայացուցիչը, սակայն, բաց տեքստով չի խոստովանել, որ ընտրությունները ժողովրդի կամքի ազատ արտահայտություն էին: Նա ասել է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները ևս ազատ ու արդար էին, և յուրաքանչյուր ընտրությունից հետո որակի բարձրացում է նկատվում:

Սակայն խախտումներ, այնուամենայնիվ, եղան: Ըստ Քննչական կոմիտեի՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող՝ առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էլ արձանագրեց, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեկ դեպք է գրանցվել: Այս միջադեպը միակն է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Դա կոմիտեն կարևորեց համեմատության համատեքստում: 1 տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էին ֆիզիկական բռնության 2 և մասնագիտական գործունեության այլ խոչընդոտման 5 միջադեպ:

Այսպիսով, մեկ ընտրական մրցավազք ավարտվեց, առաջիկայում սպասվում են թե՛ մի շարք համայնքների, թե՛ խորհրդարանական ընտրությունները: Վերջինիս արագ անցկացման մասին տեսաուղերձով Նյու Յորքից խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևան վերադառնալուց հետո ես կհրավիրեմ խորհրդակցություն, որպեսզի տեսնենք, թե ինչ ժամկետներում ենք հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշություններն արգելակում են մեր տնտեսության մեջ ներդրումների ներգրավումը»,- հայտարարեց նա:
Ըստ վարչապետի՝ ներկայիս խորհրդարանը չունի գործելու մանդատ, հարկավոր է, որ հնարավորություն տրվի ժողովրդին՝ նոր ընտրությամբ լիազորեն քաղաքական ուժերին՝ ձևավորելու խորհրդարան, ընտրելու վարչապետ, և հայաստանյան քաղաքական գործընթացները կենտրոնանան սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ:

Իսկ ներկայիս խորհրդարանի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպում ունեցավ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերը՝ ընդգծելով, որ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը. հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

«Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Իսկ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցեց ամենամյա Մտքերի գագաթնաժողովին և հանդես եկավ որպես գլխավոր բանախոս։ Քննարկվեցին համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին առնչվող և մի շարք այլ հարցեր: Հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեց նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝