«Գիշերային դիվանագիտությամբ» հայտնի ՀՀ իշխանությունները կստորագրե՞ն համաձայնագիրը. նոյեմբերի 24-ին ընդառաջ սպասողական իրավիճակ է

Снимок

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը:

Բացի նրանից, որ Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը, ի մի կբերեն 2015թ. Ռիգայի գագաթաժողովից հետո եղած ձեռքբերումները՝ կենտրոնանալով Արևելյան գործընկեր վեց երկրների քաղաքացիների համար ապահովված շոշափելի արդյունքների վրա, այդ օրը սպասվում է նաեւ մեկ այլ կարևոր իրադարձություն: Հայաստանը ստորագրելու է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՀ իշխանական շրջանակները ու նաև անձամբ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանն այս անգամ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, որ չկա որեւէ խոչընդոտ, որը կկասեցնի Հայաստանին, եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ:

Ֆորս-մաժորայի՞ն է արդյոք այն, որ Ղարաբաղյան խնդրին առնչվող ձևակերպումների շուրջ պաշտոնական Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն: Ընդամենը մեկ պարբերություն կարող է վերստին տապալել գործընթացը:

ԵՄ կողմի ներկայացուցիչները, սակայն,  նոյեմբերի 21-ին  կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Արևելյան գործընկեր վեց երկրների լրագրողներին փոխանցեցին, որ չկա էական խոչընդոտ, որը կարող է կանխել համաձայնագրի ստորագրումը:

Դառը փորձը, սակայն, հուշում է, որ մինչև վերջին պահը պահպանվելու է սպասողական իրավիճակը: Հիշեցնենք, չորս տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցելուց հետո մեկ գիշերում որոշում փոխվեց: «Գիշերային դիվանագիտությամբ» տարված իշխանությունները կտրուկ փոխեցին արտաքին քաղաքական կուրսը, և եթե իշխանական ամբողջ բուրգը 2013-ին էլ վստահորեն պնդում էր, որ ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը Մոսկվայում անցկացրած մեկ գիշերվա մեջ որոշում փոխեց՝ անակնկալ կերպով վեկտորն ուղղելով դեպի ԵԱՏՄ: Այնպես որ, թե ինչ կլինի նոյեմբերի 24-ին, դեռեւս երկու գիշեր ժամանակ կա:

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված  հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում և փոխլրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ի նպսատ հակամարտության խաղաղ կարգավորման: Հռչակագրում էլ ԵՄ-ն ընհանուր ձևակերպումներ է գերադասել տալ՝ լրացուցիչ խնդիրներից զերծ մնալու համար, որով կողմերին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝