Ոստիկանության պետն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին

070718V.O.HK_10

Կարևորելով ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, մեկնարկեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները: 

Հուլիսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին:
Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ՝ չնայած, որ ոստիկանության պետն անձամբ, որպես քաղհասարակության ներկայացուցիչների ճանաչում էր ներկաներից շատերին:

Ոստիկանության պետը նախ ներկայացրեց ձևավորվող խորհրդի առաքելությունը և վերահաստատեց իր կամքը հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդի ձևաչափում քննարկելու ոստիկանության գործունեությանն առնչվող կարևորագույն խնդիրները, համատեղ ջանքերով գտնելու լուծումներ:

Ներկաները հարցեր ուղղեցին ոստիկանության տարբեր ոլորտներից՝ սկսած ճանապարհային երթևեկության, տեսանկարահանող սարքերի գործունեությունից մինչև ոստիկանության ծառայության կատարելագործման, ոստիկանների աշխատավարձերի չափի մասին: Տալով սպառիչ պատասխաններ, Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում ոստիկանության իրականացրած միջոցառումներին ու հանրությանը հուզող խնդիրներին:

Ներկաներին առաջարկություն արվեց ցուցաբերել նախաձեռնողականություն և առավել ակտիվ կեցվածք՝ համատեղ ձևավորելու առաջիկա նիստերի օրակարգերը:

Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում:

Դիտվել է՝