Երկրի Ծիրանին բաց նամակ է հղում Սերժ Թանկյանին և Կարին Հովհաննիսյանին

Երկիր_ծիրանի

Վերջին շաբաթների ընթացքում մեծ աղմուկ է հանել Ամուլսարի շահագործման հիմնախնդիրը։

 Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում հույժ  կարևոր խնդիր է ոչ միայն Ամուլսարի, այլև բազմաթիվ այլ բաց հանքերի անխնա շահագործումը, որին, ցավոք, անդրադառնում են միայն սահմանափակ թվով անձինք և կազմակերպություններ։

Հանրությանը հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 22–ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ. «Ամուլսարի շահագործումը նախորդ ռեժիմի որոշումների եւ պայմանագրերի արդյունքն է: Ամուլսարի շուրջ տեղական համայնքները հոգնել են սպասելուց, քանի որ հանքավայրի շինարարությունն աճում է արագացված տեմպերով: Երկրում արդեն չափազանց շատ հանքարդյունահանման լիցենզիաներ կան՝ իր չափի համեմատ»։

Թանկյանը հայտնել է իր համոզմունքը, որ Ամուլսարի շահագործման դադարեցման համար միջոցներ կգտնվեն։

Թվում է, թե հրաշալի հայանպաստ հայտարարություն է։

Սակայն, հետագա օրերին, Թանկյանի վարքը կասկածի տեղիք է տալիս։ Զարմանք է առաջացնում այն փաստը, որ այս հայտարարությունից ընդամենը 13 օր անց նույն Սերժ Թանկյանը հանդիպում է ունենում ՀՀ նախագահի աթոռին ապօրինի բազմած Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկում ունենալու «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի շուրջ, որի խորհրդի անդամն է Սերժ Թանկյանը, իսկ հիմնադիր տնօրենը՝ Կարին Հովհաննիսյանը։ Վերջինս, ի դեպ, Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող և տիկին Ռիտայի առողջությամբ խիստ հետաքրքրվող Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է։

(http://www.dialogue.am/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5/

http://hetq.am/eng/news/91007/armenian-president-meets-with-creative-armenias-serj-tankian-and-garen-hovannisian.html)

Փաստ է, որ Արմեն Սարգսյանն ուղիղ կապ ունի Ամուլսարի շահագործման ապօրինի իրավունք ստացած և այսօր մեր հայրենիքի վրա մատ թափ տվող «Lydian International» ընկերության հետ, ավելին՝ եղել է այդ ընկերության տնօրեն, կառավարման խորհրդի անդամ և մասնակցել է կարևոր որոշումների կայացմանը։

Միաժամանակ, այս անձը ապօրինի կերպով Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ և «թավշյա հեղափոխությունից» հետո շարունակում է պաշտոնավարել։

Մի քանի հարց ենք ուզում հղել և՛ Սերժ Թանկյանին, և՛ Կարին Հովհաննիսյանին։

Պարո՛ն Սերժ Թանկյան,

  • Դուք տեղյա՞կ, որ Արմեն Սարգսյանը անմիջականորեն և անխզելիորեն կապված է մեր Ամուլսարը ավերող և մեր բնակչության գոյությանը սպառնացող «Lidian Intenational» ընկերության հետ (հիշե՛նք վերջերս Ձեր կատարած ֆեյսբուքյան գրառումը)։
  • Եթե, այո՛, ապա ինչու՞ եք երկակի խաղ խաղում՝ անգետի տեղ դնելով հայ ժողովրդին և հույս ունենալով, որ միայն Ձեր ընդդիմադիր կեցվածքը նկատելի կլինի հանրության համար, իսկ մյուս ձեռքով Արմեն Սարգսյանի հանցագործ ձեռքը սեղմելը կմնա աննկատ։
  • Եթե, ո՛չ, ապա մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրել համապատասխան ապացույցներն ու փաստաթղթերը, որոնք ընկած են վերոնշյալ խոսքերի հիմքում։

Ի դեպ, նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը 21.05.2018-ին Տեղեկատվություն ստանալու հարցում է հղել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին՝ խնդրանքով տրամադրել վերջինիս կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիություն ձեռք բերելու և դրանից հրաժարվելու մասին հավաստող ապացույց-փաստաթղթեր։ (http://www.yerkirtsirani.am/am/mo/701/)

Սակայն վերջինս այդ հարցմանը չի արձագանքել։ 

Այնուհետև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Արմեն Սարգսյանի կողմից, պաշտոնական կեղծիքի միջոցով, իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու), դիվերսիայի և վնասարարության միջոցով «Lydian» ընկերության կողմից՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ։  (http://www.yerkirtsirani.am/am/mo/716/)

  • Որպես աշխարհահռչակ հայ, ում խոսքին հետևում են մեր բազմահազար հայրենակիցները, իմանալով ճշմարտությունը, ե՞րբ եք պատրաստվում Արմեն Սարգսյանից պահանջել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու մասին հավաստող ապացույց- փաստաթղթեր։ Իսկ դրանց բացակայության կամ կեղծ լինելու պարագայում պատրաստվու՞մ եք արդյոք պահանջել վերջինիս հրաժարականը և գործ չբռել զեղծարար-վաշխառուի հետ։

Պարո՛ն Կարին Հովհաննիսյան,

  • Արդյո՞ք Ձեր պարտքը տվել եք հայրենիքին՝ ծառայելով հայկական զինված ուժերում։
  • Եթե, այո՛, ապա ե՞րբ եք ծառայել հայոց բանակում և ո՞ր զորամասում։
  • Եթե ,ո՛չ, ապա ի՞նչ հիմնավորմամբ։
  • Չե՞ք գտնում արդյոք, որ Ձեր «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամը Ձեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենի սահմանները։

Հ.Գ.

2018 թվականի հուլիսի 3-ին խայտառակ ձևով կալանավորվեց, ապա, սովորության համաձայն, ազատ արձակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ազատ արձակման հիմնավորումն այն էր, որ տվյալ անձը չի յուրացրել և ոչ մի լումա՛:

Սակայն  արդյունքում համաշխարհային հարթակում խայտառակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, և այլևս ոչ մի հայ այդ հիմնադրամին որևէ դրամ չի փոխանցի։

2018 թվականի հուլիսի 5-ին Սերժ Թանկյանը և Կարին Հովհաննիսյանը իրենց «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամով հյուրընկալվեցին Ամուլսարը հիմն ի  վեր ավերող «Lidian International» ընկերության կնքահայր, ապօրինի «նախագահ» Արմեն Սարգսյանին։

Զուգադիպություն է սա արդյո՞ք, թե՞ կանխավ որոշված, մանրամասն ծրագրված հրահանգ։ Արդյո՞ք հայկական սփյուռքից գումարներ շորթելու նոր փաթեթավորմամբ, սակայն հին գործառույթներով ծրագիր չէ սա։

Հ.Գ.Գ.

Հայաստանը ձեզ համար բեմ չէ, պարոնա՛յք բեմադրիչներ, երաժիշտներ և դերասաններ, իսկ հայերն էլ անգետ չեն, որ թույլ տան ձեզ թատերական ներկայացմամբ տրագիկոմեդիայի վերածեք մեր ազգային հարցերը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդ

Դիտվել է՝