Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը քննարկեց Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկները

mailservice-4-2

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում հուլիսի 5-ին կայացավ Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի քննարկումը:

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նախ ներկայացրեց նախորդ նիստին հանձնաժողովի կայացրած որոշումները:

«Հանձնաժողովը որոշեց, որ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններին իրատեսական չէ, քանի որ սահմանված ժամկետում հնարավոր չէ պատշաճ կերպով նախապատրաստվել»,- ասաց նա:

Հանձնաժողովը ռիսկային համարեց նաև մատների թանաքոտման մեխանիզմի ներմուծումը և այն մերժեց: Մերժվեց նաև ընտրողների նախագրանցման մեխանիզմը: «Այս մեխանիզմներն, ըստ էության, կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին»,- ասաց Դ.Իոաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնաքվեարկությունը լուրջ խնդիրների շարքում չէր: Ուստի և՝ նախորդ ընտրությունների մատնահետքերի մեխանիզմը մնալու է:

Հանձնաժողովի քարտուղարը հայտնեց, որ ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է կայացվել սահմանել այնպիսի փոփոխություններ, ըստ որի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացիները կհանվեն ցուցակներից: Խոսքը մոտավորապես 198 հազար մարդու մասին է, որի 90 տոկոսը, ըստ նրա, վաղուց ՀՀ-ում չէ: 

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է նաև քվեարկության կարգը: «Զինվորականների քվեարկության հետ կապված՝ կամրագրվի նախագծում, որ վերադաս հրամանատարներն ընտրական տեղամասում չպետք է լինեն»,- նշեց նա:

Հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու համար սահմանվել է օգնողի ինստիտուտը: Օգնողը պետք է լինի պարտադիր տվյալ տեղամասի գրանցված անձ, ինչով կապահովվի այն նորմը, որ մեկ մարդը մեկ անգամ կարողանա օգնել: Օգնողը ԿԸՀ-ի սահմանած կարգով ծանուցվում է, որ քվեարկության գաղտնիության խախտումը քրեորեն հետապնդելի է: Ըստ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի՝ քննարկվել է նաև այն տարբերակը, որ քվեարկել չկարողացողը բժշկի տեղեկանք բերի, սակայն դրանով լրացուցիչ պարտականություն է դրվելու, և այդ պատճառով շատերը կարող է նախընտրեն չգնալ քվեարկության:

Հանձնաժողովը քննարկեց և սատարեց ՀՀԿ-ի այն առաջարկին, որը վերաբերում էր քվեախցիկում լրացուցիչ քվեաթերթիկներ նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ լինելուն, քանի որ ոչ թե քվեաթերթիկն է հատուկ հաշվառման փաստաթուղթը, այլ դրոշմակնիքը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մեկ այլ՝ մատնահետքի հետ կապված և ավելի վաղ արված առաջարկին, ապա, ինչպես նշեց Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովը դրա հանդեպ բացասական դիրքորոշում ունի, չնայած նրան, որ իրենք դա լավ մեխանիզմ են համարել և նշել, որ դրան կարելի է ձգտել հաջորդ ընտրություններին:

 

 

Դիտվել է՝