Վարչապետը դժգոհ մնաց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակից

140993

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սյունիք աշխատանքային այցի ընթացքում եղավ նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Այստեղ նա դժգոհություն հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։

«Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,- ասաց Փաշինյանը։

Գործարարներից մեկը նկատեց, որ գուցե ասֆալտ չկա, բայց տարածքը մաքուր է, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Դուք ուզում եք ապացուցել, որ մենք տեսողության խնդի՞ր ունենք։ Նայած ով, մաքուր ասելով, ինչ է հասկանում։ Ինձ համար մաքուր չէ»։

Վարչապետը շեշտեց, որ այդ գոտին մեր պետության առաջին տպավորությունն է. «Սա ի՞նչ վիճակ է։ Ոչ մի նորմալ գծանշում կա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Մաքսայինի պաշտոնյաներն իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնո՞ւմ, իրենց հյուրերին այսպես են դիմավորո՞ւմ»։

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց նորմալ աղբամաններ շարել մաքսակետի տարածքում և տարածքը բարեկարգել։ Վարչապետին մոտեցած մի իրանահայ էլ խորհուրդ տվեց հասարակական զուգարանների վիճակին ծանոթանալ, դրանցից բողոքներ շատ են լինում: Ն.Փաշինյանը մտավ վերոնշյալ վայրերը և անմիջապես դուրս եկավ՝ հրահանգելով այստեղ էլ կարգի բերել վիճակը:

 

Դիտվել է՝