«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր ամեն ասածի ու արածի համար». վարչապետը՝ քաղաքացիներին

capture.thumb

Լրացված 12:35

2018 թվականի ապրիլի 12-ին կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնը լուծարվում է, իսկ նրա գործառույթները պետք է ստանձնի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալը»: Այն Աղիտու գյուղում է՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Սիսիանի ԲԿ-ի աշխատակիցների պնդմամբ՝ Սիսիանի բուժկենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մեծ մասը Զանգեզուրի հոսպիտալում բացակայում է: Բացի այդ, աշխարհագրական տեսանկյունից Զանգեզուրի հոսպիտալը հասանելի չէ Սիսիանի կամ մոտակա բնակավայրերի բնակիչներին, չկա նաև հարակից բնակավայրերը Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ:

Բժշկական կենտրոնի 111 աշխատակիցները բաց նամակով դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ բողոքելով կառավարության նշված որոշման դեմ:

Բազմաթիվ բժիշկներ նույնպես բացասաբար են արձագանքել Սիսիանի ԲԿ-ի լուծարման մասին տեղեկություններին: Նրանց կարծիքով՝ չի կարելի օպտիմալացում կատարել՝ հիվանդանոցների փակման հաշվին: Դա շատ բժիշկների ու բուժքույրերի գործազուրկ կդարձնի և հիվանդների համար մեծ թվով նոր խնդիրներ կստեղծի:

Հենց այս խնդիրն էլ քաղաքացիները բարձրացրին Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սիսիանում խոստացավ առաջիկա օրերին լուծել քաղաքի հիվանդանոցի հարցը:

«Երկու օր առաջ պաշտպանության նախարարի հետ այս թեմայով խոսել եմ, որքան գիտեմ, նախարարը վաղը Սիսիան է գալիս, և կարծում եմ՝ խնդիրը լուծման ճանապարհին է: Մեծ հավանականությամբ հարցը կլուծվի, և ձեր մտահոգությունը կփարատվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրացված 12:13

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիք: Նրա առաջին կանգառը Սիսիանն էր: Այստեղ նա հանդիպել է քաղաքացիների հետ: Նրանցից մեկը, որ ներկայացավ Սիսիանի համար 1 դպրոցի հավաքարար, վարչապետի ուշադրությունը հրավիրեց դպրոցի անմխիթար վիճակի, իր իսկ ասելով՝ բյուջեն լցնելու նպատակով արված աշխատավարձերի նվազեցման վրա:

«Հավաքարարի փողով բյուջե՞ են լցնում»,- դիմելով վարչապետին՝ ասաց նա և խնդրեց մաքրել կրթության և մի շարք այլ ոլորտներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, դիմելով սիսիանցիներին, ասաց. «Ասում եք՝ կրթությունը մաքրեք, այս ոլորտը մաքրեք, այն ոլորտը մաքրեք, բայց ես ուզում եմ ասել, որ այդ գործում դուք մեզ պետք է աջակցեք, ձեր իմացած խախտումների մասին տեղյակ պահեք իրավապահ մարմիններին, բայց մյուս կողմից՝ հանկարծ մենք չընկնենք այն վիճակի մեջ 37 թվի, որ անոնիմկա գրելով և այլն… այսինքն՝ պետք է պատասխանատու լինի յուրաքանչյուրն իր ամեն ասածի ու արածի համար: Մենք այստեղ ենք եկել, որ հարցերը հավաքենք, ուսումնասիրենք և պատասխանները գտնենք»:

Լրացված 10:46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց է կատարել Սյունիք: Նա նախ հանդիպել է Սիսիանի բնակիչների հետ, նրանց ասել, որ իրեն մեղավոր է զգում՝ թավշյա հեղափոխության օրերին Սյունիք չհասնելու համար, սակայն հպարտ է յուրաքանչյուր սյունեցու ազատության համար:

Քիչ անց պլանավորված է  նրա հանդիպումը  Գորիսի կենտրոնական հրապարակում: Փաշինյանն այսօր հանդիպումներ կունենա նաեւ  Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում, եւ մեկ  դահլիճային հանդիպում՝ Քաջարանում։

Իսկ վաղն առավոտյան վարչապետը կմեկնի Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար։

Դիտվել է՝