Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը

IMG_3015

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը, ով,  ողջունելով մարզպետներին, խնդրել է անմիջական կապ պահել մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին նախքան կադրային փոփոխություններ անելը համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը։

Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների բյուջեներում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածով պարտքերի առաջացման, 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում համացանցային կայքերի գործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի արդյունքներին՝ Սուրեն Պապիկյանը ընդգծել է դրանք գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը և հորդորել օգտվել մարզի զարգացմանը, գործընկերային նոր կապերի հաստատմանը նպաստող ցանկացած հնարավորութունից։

Խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու, քաղաքացիների համար հանգստի հանրային տարածքների հասանելիությունը ապահովելու, սուբվենցիայի ծրագրերի ընթացքի նկատմամբ հետևողական լինելու, անդրսահմանային ու միջռեգիոնալ համագործակցությունը խորացնելու և այլ հարցերի ուղղությամբ։

Դիտվել է՝