Արձանի տեղադրումը՝ կուսակցական դիրքերի ամրապնդման միջոց

18303_Aram_Manukyan3_M

Վերջին տարիներին արձանների տեղադրման շուրջ բուռն քննարկումներ ու բանավեճեր են լինում: Այդպես էր Ավան, Կենտրոն վարչական շրջաններում տեղադրված Համազասպ Բաբաջանյանի (2016թ., քանդակագործ՝ Համլետ Մատինյան) և վերջերս տեղադրված, բայց դեռ պաշտոնական բացմանը սպասող Արամ Մանուկյանի հուշարձանների պարագայում: Եվ եթե առաջինի դեպքում ընդվզողի դերում հիմնականում մասնագիտական շրջանակների մի մասն է եղել, ապա Արամ Մանուկյանի դեպքում առկա է ոչ միայն ճարտարապետների հանրության բացասական արձագանքը, այլև պատկան ու շահագրգիռ կառույցների միջև հակասությունները:

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ որոշումը Երևանի ավագանին կայացրել էր 2018թ. փետրվարի 13-ին: Կողմ էր քվեարկել ՀՀԿ-ից ավագանու 43 անդամ, դեմ՝ «Ելքից» 12-ը: «Ելք» խմբակցությունը դեմ լինելը պատճառաբանեց նրանով, որ մրցույթն անցկացվել է անարդար, քանդակագործ Դավիթ Մինասյանի էսքիզը ներկայացված չի եղել մրցույթին: «Երկիր Ծիրանին» էլ չէր մասնակցել քվեարկությանը: Այնուամենայնիվ, սկսվեցին Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինական կոմիտեի նորանշանակ պետ Ավետիք Էլոյանի հայտարարության մեջ ասվում էր, որ քաղաքապետարանը՝ որպես արձանի պատվիրատու, վայրի ընտրության հարցում խախտել է «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին» օրենքը, քանի որ չի համաձայնեցրել լիազոր մարմնի՝ Մշակույթի նախարարության հետ։

Երևանի քաղաքապետարանն ամենևին չանսաց արված հայտարարություններին: Ավելին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ քաղաքապետարանը մտադիր չէ ապամոնտաժել կամ այլ վայրում տեղադրել առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանը: Գլխավոր ճարտարապետի կարծիքով քաղշինկոմիտեի նորանշանակ ղեկավար Ավետիք Էլոյանը լիովին չի տիրապետում իրավիճակին։

«Երբ 4 ամիս շարունակ իրականություն է դառնում մշակույթի նախարարության և պատկան մարմնի՝ քաղաքաշինության կոմիտեի պատուհանների ամենալավ դիտակետից ընկալվող այդ աշխատանքը, և հանկարծ վերջին օրը, երբ արձանն է տեղադրվում, նման հայտարարություն են անում, ես դա չեմ հասկանում»,- ասել էր գլխավոր ճարտարապետը: Նա հիշեցրել է, որ արձանի վայրի ընտրությանը, առհասարակ տեղադրմանը ժամանակին կողմ է եղել մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուելյանը։ Քաղաքապետարանը չունի մշակույթի նախարարության գրավոր համաձայնությունը, սակայն ունեն այն տեսաձայնագրությունները, որոնցում մշակույթի նախարարության պաշտոնյաները կողմ են արտահայտվում արձանի տեղադրման վայրի ընտրված տարբերակին։

 Ի դեպ, նկատենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը միշտ ստվերում է եղել, նրան, այսպես ասած, խաղից դուրս վիճակում էր դրել Նարեկ Սարգսյանը, ով թե՛ քաղաքաշինության նախարարի տեղակալի, թե՛ քաղաքաշինական կոմիտեի նախագահի պաշտոնում իր ազդեցության ոլորտում էր պահում մայրաքաղաքի քաղաքաշինական գործընթացները: Եվ հիմա, երբ Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է Նարեկ Սարգսյանի «գերությունից», լծվել է քաղաքապետարանի նպատակի իրագործմանը: Իսկ մայրաքաղաքային իշխանությունը՝ ՀՀԿ-ական մեծամասնությամբ, ամեն կերպ ջանում է խաղի կանոնները թելադրողի դերում լինել: ՀՀԿ-ի համար Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը դարձավ կուսակցական դիրքերի ամրապնդման միջոց: Թե դա որքանով կհաջողվի, կիմանանք պաշտոնական բացումից հետո, թեեւ այս դեպքում մասնագիտական գնահատականները, թե արձանը սրբիչ է, արդեն կկորցնեն իրենց ազդեցությունը:

 

 Անահիտ Ավագյան

 

 

Դիտվել է՝