Ոսկու  կարասը

rkqebkchg_hKcVu

Ժամանակով մի ԱԶԳ է լինում, մի կերպ ծայրը ծայրին է հասցնում, դիմանում է ամեն տեսակի զրկանքների, քիչ-քիչ նիհարում է, հյուծվում, կռվարար հարևանների հետ էլ չլուծված խնդիրներ է ունենում։

Սովետական Միության տարիներին էս ԱԶԳ-ի հողի վրա հետազոտություններ են անցկացնում ու 100 միլիարդ դոլարի ոսկու  ու արծաթի…  հանքեր են գտնում։ Բայց քանի-որ հետազոտություններն ազնվորեն են կատարվում, գտնում են, որ այդ հանքերի շահագործումը խիստ վտանգավոր է այդ ԱԶԳ-ի գոյության համար ու հանքերին ձեռք չեն տալիս։

Մեկ էլ չգիտես թե որտեղից մի վտարված թագավոր է գալիս, ապօրինի նստում է էս ԱԶԳ-ի տանը։ Էս թագավորը հայտնի է լինում իր չափալախ սիրելով, իսկ թագավորի կինը՝ հեքիաթ-մեքիաթ գրելով։ Սա իմանում է ոսկու հանքերի մասին, ասում է.

-Այդ ոսկին ի՛մն է։

Իր մարդկանցով գնում է, որ ոսկին հանի-բերի։ Գնում է, հանքի բերանը բաց անել է տալիս,տեսնում՝ ի՞նչ ոսկի, հանքը լիքը ուրան։

Զարհուրած ու կատաղած ետ է գալիս։ Հրամայում է պատժեն անգետ փորձագետներին, որ համարձակվել են իրեն խաբել։

-Չէ՛, թագավորն ապրած կենա՛, – գոռում են խեղճերը,- մեզ ինչո՞ւ ես պատժում, լավ չես տեսել, ուրան չկա էնտեղ, ոսկի՛ է, ոսկի՛…

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալիս, թե, ճշմարիտ, ոսկի է։

- Վա՜հ,- զարմանում է թագավորը։                                                             

Ասում է. «Երևի լավ չտեսա կամ տեսածս էն հանքը չէր:                           

Վեր է կենում, մին էլ գնում։

Հանքը բաց է անում, դարձյալ մեջը լիքը ուրան։

Էս ի՜նչ հրաշք է, ի՜նչ  բան,  չի հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

- Բացատրեցե՛ք,- ասում է,- ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս ԱԶԳ-ն իր հողում ոսկի է գտել։ Ես եմ գնում՝ հանքը լիքն ուրան է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ  բան  է  / ի՞նչ  հանաք- մասխարա բան է/։

-Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները։ Ոսկին այս ԱԶԳ-ին պարգև է ղրկած իր ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես /ավարես/, դրա համար էլ ոսկու տեղ ուրան ես գտնում։ Չե՞ս տեսնում, որ այս ԱԶԳ-ը բացի ազնիվ ու աշխատասեր լինելուց, նաև խելացի է ու պայքարող։ Հանքը չի շահագործում, որ իր հողին, իր տանը վնաս չտա, որ չթունավորի իր բնությունն ու քաղցրահամ ջրերը։ Ուզում է այդ հողի վրա զբաղվի հողագործությամբ ու անասնապահությամբ։ Ուզում է առողջարաններ ու հանգստյան վայրեր ունենա, որ, ի վերջո, այս տևական աղքատ վիճակից դուրս գա։

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։

Այստեղ ԱԶԳ-ը բռնում է թագավորի օձիքից, տանում է ու գցում ուրանի գիրկը։

Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։

Այսպիսին  է, պարո՛ն  Փաշինյան, հետհեղափոխական  իրողությունը: Իրողություն, որի  գույները  գորշ  են, իսկ  լուծումները՝ անգույն: Ժողովուրդն  ակնկալում  է  ոսկեգույն  իրականություն՝ առանց  պաթետիկ, ամպագոռգոռ բառերի: Եկե՛ք  սևազգեստ, մորուսավոր  աբեղա  չձևանանք՝  «սիրենք  զմիմիանս»  պատգամը  աղարտելով:        

 Մարինա Խաչատրյան

Բժիշկ-նյարդավիրաբույժ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Դիտվել է՝