Աղմկոտ բացահայտումների գործերով նախկին նախագահները կկանչվե՞ն հարցաքննության

1302862

Ազգային անվտանգության ծառայության գործունեությանը հանրությունը թերևս երբեք այնքան ուշադիր չի հետևել ու չի սպասել նոր բացահայտումների, որքան այս օրերին: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ գործ հարուցվեց քրեական մի հոդվածով, որը մինչ այդ ձևականորեն պարզապես արձանագրված է եղել. ապօրինի հարստացում:

«Այո, շշուկներով ժողովրդի մեջ տարածված է եղել՝ ով ինչ ունի, ինչ հայտարարագրեր է լրացրել, մինչդեռ իր զոքանչի կամ աներոջ անունով ինչե՞ր ունի: Հանրության մեջ այս բացահայտումներն առաջացրել են ողջունելի ոգևորություն»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այդ բոլոր հայտարարագրերի վերաբերյալ իրենք բազմիցս մտահոգություններ են հայտնել: «Պաշտոնատար անձինք չգիտես որտեղից ինչ-որ նվիրատվություններ էին ստանում, և հենց միայն պաշտոնատար անձինք էին ստանում կամ վարձակալությունից եկամուտներ էին ստանում, ինչքանո՞վ էին այդ նվիրատվություններն օրինական և չունեն քրեական ծագում»,- ասաց նա:

Արթուր Սաքունցն ընդգծում է՝ բացահայտումները, որ հիմա արվում են, քչերին է զարմացնում, քաղաքական կոռուպցիայի արմատը հենց իշխող կուսակցությունն էր, որի ֆինանսական ռեսուրսները մի քանի անգամ գերազանցում են ԱԺ-ի բոլոր քաղաքական կուսակցությունների ռեսուրսները:

«Մինչև հիմա ով ումից պիտի զարմանա կեղծ հայտարարագիր լրացնելու համար, եթե բոլորով դրանով են զբաղվել, մինչև հիմա դրանց կապակցությամբ երբեք հարցեր չեն բարձրացվել»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է, որ որոշակի տարբերակում է պետք մտցնել. այն մարդիկ, ովքեր ունեցել են լայն վարչական ռեսուրս և այդ ամենը ծառայեցրել են ապօրինի հարստացման համար, առաջին հերթին հենց նրանց պետք է վերաբերեն այդ քրեական գործերը:

Նախադեպի տրամաբանությունից ելնելով՝ հիմա շատերն են ակնկալում, որ առաջիկայում էլի քրեական գործեր կլինեն, ու բոլորին էլ հերթը կհասնի: Սակայն խնդիր կա ապօրինի գործունեությունն ապացուցելու առումով:

«Արդյո՞ք ապօրինություն գործած անձը զգույշ է գործել, թե ոչ, եթե զգույշ է գործել, դժվար է լինելու ապացուցել փաստը: Երբ գործերը բացենք, կտեսնենք, որ կան խնդիրներ հենց ապացուցողական բազայի հետ: Եթե հեշտ լիներ ապացուցելն, ապա շատ ավելի արագ տեղի կունենային քրեական գործերի հարուցումներն ու ձերբակալությունները»,- ասաց Է. Վարդանյանը:

Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ եթե մենք խոսում ենք կոռուպցիոն բուրգի գագաթի մասին, ապա շատ տարօրինակ կլիներ, որ կոռուպցիոն բուրգի ստորին օղակները, կատարողները պատասխանատվության ենթարկվեն, իսկ հրահանգ տվողը պատասխանատվության չենթարկվի: «Սա կլիներ ընտրողական մոտեցում կոռուպցիայի դեմ պայքարում»:

Քաղաքացիների շրջանում կա սպասում՝ մինչև ո՞ւր են հասնելու աղմկոտ բացահայտումները: Նախկին նախագահներն այս և մի շարք այլ գործերի շրջանակներում կկանչվե՞ն պատասխանատվության: Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է՝ նախագահներին շատ ավելի դժվար է պատասխանատվության կանչել, սովորաբար նրանք ուղղակիորեն ներգրավված չեն լինում կոռուպցիոն գործերում: Այդուհանդերձ, զրուցակիցներս կարծում են՝ ազգային անվտանգությունը մոտ է թիրախին:

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝