Ֆինանսական չարաշահումների պերճանքը

1490956754418

Մայիսի 8-ից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ իրենց համար առաջնային է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը, և մեթոդներն էլ հեղափոխական են լինելու: «Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»,- նկատեց վարչապետը: Հետո արդեն մայիսի 19-ին հնչեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստումը, թե կոռումպացվածներն ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերը կսկսվեն մայիսի 23-ից:

ԳԱԼԱ-ն ամփոփել է, թե մինչ այժմ արված բացահայտումները որ ոլորտներում են գրանցվել, և տարբեր ընկերությունների ստվերային գործունեությունից ինչ չափով է տուժել պետական գանձարանը:

Պետբյուջեին վնաս հասցրած գործողությունների ու դրանց հեղինակ անձանց անունների բացահայտումների շարքում առաջին հաղորդումը եղավ մայիսի 25-ին: ԱԱԾ-ի հրապարակման համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը՝ տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերոնշյալ գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Նկատենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության անունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ: Ըստ ԱԱԾ-ի՝ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար արդեն վերականգնվել է:

ԱԱԾ 2-րդ բացահայտումը մայիսի 31-ին էր:Այն ձեռնարկատիրության ոլորտի զեղծարարության մասին էր: Խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության մասին է: Ըստ ԱԱԾ-ի՝ ընկերությունը, որպես ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016թ. համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից վաճառել տարբեր անձանց անվամբ հիմնադրված անհատական ձեռնարկությունների միջոցով: Դրանց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը և հնարավորություն է տվել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Դրանից հետո ընկերության ղեկավարությունը սեփական ընկերության աշխատակիցների, վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անուններով գրանցել է 461 Ա/Ձ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն դրամի շեմին, դրանց գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ:

Հունիսին արդեն չարաշահումների մասին հաղորգադրություններով հանդես եկան նաև ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ոստիկանությունը: Հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Դրա համար հիմք էր եղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանից մայիսի 25-ին ստացված դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ հիմնադրամի գործադիր տնօրենը 2013-2018թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325 մլն 600 հազար դրամի գումար:

Հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ ՊՆ զորամասերից մեկի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ էր կատարել և գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած 10 մլն 108 հազար 23 դրամը: Հետագայում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը: Չարաշահման հաջորդ հասցեն Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցն էր: Այստեղ էլ կրթօջախի սովորողներին սննդամթերք մատակարարելու գործն էր ապօրինի եկամտի աղբյուր դարձել: Կազմվել էին մատակարարման վերաբերյալ կեղծ արձանագրություններ և ակտեր, և երեխաներին 697-780 ՀՀ դրամ արժողության սննդի ծանրոցների փոխարեն փաստացի բաշխել էին 200 դրամ արժողության: Պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 11 մլն 315 հազար 949 դրամը, հափշտակվել էր: Այս դեպքում ևս դպրոցի տնօրենը վերադարձրել է հափշտակածը:

ՀՀ քննչական կոմիտեի հաջորդ հաղորդագրությունը հունիսի 15-ին էր: Այս դեպքում էլ չարաշահումներ էին արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Դրա հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ բենզինը յուրացվել էր՝ դրանով պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Մնացած չարաշահումները ներկայացնում ենք աղյուսակի տեսքով:

 

Բացահայտող մարմինըՕրըՉարաշահում թույլ տվողը Վնասի չափը,

հայտնաբերված

չարաշահումը /դրամ և արտարժույթ/

ՀՀ քննչական կոմիտե20.06.18«Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահ35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո:
ՀՀ քննչական կոմիտե22.06.18Արագածոտնի մարզի տարբեր համայնքների ՍՊԸ-ներ158 մլն 400 հազար,

38 մլն 800 հազար

ՀՀ քննչական կոմիտե21.06.18 95 մլն 813 հազար 140 ՀՀ դրամ, 44 մլն 184 հազար 440 դրամը վերականգնվել է:
ՀՀ քննչական կոմիտե21.06.18Հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ2 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտե21.06.18կրթական հաստատություններ15 մլն 897 հազար 584 դրամ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն21.06.18ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերխոշոր չափի գումար (կոնկրետ թիվ չի հրապարակված)
Պետական եկամուտների կոմիտե23.06.18Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող Գյումրի գարեջրի գործարան360 մլն դրամ

 

ՀՀ քննչական կոմիտե18.06.18«Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն12 մլն 950 հազար 105 դրամ
ՀՀ ոստիկանություն22.06.18Արարատի մարզի կրթական հաստատություններ7 մլն 300 հազար դրամ

 ՀՀ Քննչական հատուկ ծառայությունը մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին Քր. օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով: Խոսքը ավելի քան 10 մլն դրամի չափով գումարի յուրացման մասին է:

Պարզ թվաբանությունը հուշում է, թե որքանով կավելանան բյուջետային մուտքերը, երբ դրանք հետ վերադարձվեն պետական գանձարան: Ըստ էության՝ բյուջեի միջոցների ավելացման ճանապարհներից մեկն էլ անարդյունավետ ծախսերի կրճատումն է: Իսկ որ դրանք հայտնաբերվել են՝ փաստ է: Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումների բացահայտմանը, ապա դրանք շարունակվում են:

 Հ.Գ. ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականին տված հարցազրույցում ասել է, որ կոռուպցիոն չարաշահումների բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 18 միլիարդ դրամ:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝