Մանվելի՝ արջերի որովայնը լցնելու հեռանկարը «գերակա շահ» է համարվել համակարգի համար

arm139246141075

Հայաստանում ուժային կառույցների վերջին բացահայտումները՝ այդ թվում բանակից վառելիքի գողության եւ բենզալցակայաններին վաճառելու փաստերը, չկարողացան խլացնել գեներալ  Մանվել Գրիգորյանի առանձնատան «զինվորի բաժնով» կերակրվող գազանների մասին պատմող հնչեղ  պատմությունները:  Խնդիրը թերեւս հարցի հուզական կողմն է. հանրության հանգանակությունները, ձեռագրով մակագրված արկղերը, դպրոցականների նամակները, ապրիլյան պատերազմը եւ հարյուրից ավելի զոհերի մասին թարմ հիշողությունները…

Մանվելի պես մեծ ու փոքր  հազարավորների ախորժակի, նրանց կողմից բանակը, տնտեսությունը, քաղաքը, երկիրը թալանելու մասին բազմաթիվ  վկայություններ են եղել, որոնք տարիներ շարունակ մնացել են անհետեւանք:

 Հանրությունը ոչ միայն տեղյակ է եղել, այլեւ նրա զգալի հատվածը գործընկերության ձեռք է մեկնել՝ դառնալով քաղաքական կոռուպցիայի կողմ, 10 հազար դրամի շահառու  եւ ընտրակեղծիքի անմիջական մասնակից:

Հայաստանյան կյանքի մի ահագին շրջափուլ  «տանելը» հանրային կյանքում  ընկալվել է որպես ընդունված հասարակական նորմ, իսկ  իշխանության «հերոսների» համար՝  վստահության չափորոշիչ, որ «հերոսը» երդվյալ յուրային է, որովհետեւ «տանող» է:

Մանվելի ֆենոմենը լավագույնն է խնդիրն ամբողջության մեջ նայելու համար,  հասկանալու, որ Մանվելի՝ արջերի որովայնը  լցնելու հեռանկարը  «գերակա շահ» է համարվել մի ամբողջ համակարգի համար: Որովհետեւ այդ համակարգի ուղղակի գոյությունն ածանցվել է Մանվելի գազանանոցի կենդանիների որպիսությունից:

Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը բաղկացած էր մանվելներից, մշտապես ունեցել է մեկ՝ վերարտադրվելու խնդիր: Դրա այլընտրանքը  կործանարար էր ռեժիմի համար. նշանակում էր զրկվել պետական գանձարանից, որը ծառայում էր որպես  չդատարկվող կերաման եւ երկրորդ՝ պատասխանատվություն: Այն, ինչի ականատեսը լինում ենք այսօր:

Որպեսզի այս ամենը տեղի չունենար, իշխանական բուրգի ամեն մի Մանվել պետք  իր նպաստը բերեր բուրգի վերարտադրությանը, ինչի արդյունքում պետական բարիքները բաշխվում  էին ըստ նպատակահարմարության՝ կախված իշխանական բուրգում զբաղեցրած դիրքից: Եվ որպեսզի դա տեղի ունենար, իշխանական բուրգի  ղեկավարը, ում համար պետական հարստությունը  թերեւս առավելագույն մատչելիությունն  է ունեցել,  պետք է ապահովեր հարմարավետ պայմաններ բուրգի ներսում գտնվող «հերոսների» համար, ովքեր իրենց ուսերին պահում էին ամբողջ ծանրությունն  ու կրում վերարտադրության հոգսը: Գործող օրենքներով թիմի ամեն մի անդամի հարմարավետությունն ու հաճույքի ապահովումը կարեւոր նախապայման էր, որովհետեւ ուղղակի այդ հարմարավետությունից էր կախված բուրգի կենսունակությունը: Տվյալ դեպքում 40 տոկոսանոց աղքատ երկրում սեփական գազանանոց ունենալու եւ արջերի որովայնը լցնելու հաճույքն էր  գերակա,  որովհետեւ եթե իշխանությունը հանրության մի զգալի մասի հետ գտել էր հարցեր լուծելու իր տարբերակը, որին կարծես թե դեմ չէր հասարակության այդ հատվածը, ապա  նույնը չէր կարելի ասել արջերի համար: Նրանք  պետք է լավ սնվեին, այդ մասին երկրորդ կարծիք չկար պարզապես:

Եվ որքան էլ ցավալի է, մնում է փաստ այն, որ  Հայաստանին 100-ավոր զոհեր տված ապրիլյան պատերազմը 3 տարվա սննդով էր ապահովել Մանվելի գազանանոցին, եւ էլի շատ շատերին՝ Աստված գիտի՝ ինչով: 

Հիմա արդեն կարեւոր է, որ երկրում օրինականության վերականգնման հույսերի հեռանկարները մինչեւ վերջ արդարացվեն: Դրա համար իշխանությունը պետք է այնպես գործի, որ ոչ միայն իրականությունը բացահայտելու եւ երկրում օրինականություն հաստատելու հիմքեր ստեղծվեն, այլեւ դառնա «բաց դաս»  բոլոր ժամանակների մեծ ու փոքր պաշտոնյաների  համար՝ աշխատել ու գործել՝ երբեք «Մանվել» չդառնալու պայմանով:

Դրա համար անհրաժեշտ է, որ իշխանության կողմից սեփական հասարակությանը թելադրվող արդարության ձեռագիրը լինի ոչ կարճաժամկետ: Առավել լուրջ ջանքեր ու խորքային լուծումներ են պահանջվում՝ ժողովրդի  մոտ արմատավորելու արդարության նկատմամբ հասարակական պահանջի անհրաժեշտությունը: Դրա համար իշխանությունը պետք է գործի երկարաժամկետ լուրջ պլաններով:

Մի ահագին շրջափուլ է անհրաժեշտ «թալանը՝ նորմ» ընդունելու մոտեցումներով առաջնորդվող  հասարակությանը վերափոխելու համար:

Ի վերջո, օրինական երկիր կառուցելու նախապայմանը պետք է որ լինի հասարակության պահանջը, ճնշումը՝ ներքեւից: Հասարակությունը պետք է ջանքեր գործադրի վերափոխվելու եւ ինքը պետք է արգելի «մանվելների» ծնունդը: Այլապես իշխանությունը, չունենալով պահանջատեր հասարակություն, որոշ ժամանակ անց այլեւս պարզապես ի վիճակի չի լինի պայքարելու սեփական շարքերում նմանների գոյության դեմ:  

Հայաստանը գնում է դրական փոփոխությունների, քանի որ երկրի ղեկավարությունը  կարծես թե այս պահին  ունի այդ քաղաքական կամքը եւ հետո՝  իշխանության է եկել բարեփոխումների եւ երկրում օրինականություն հաստատելու ալիքի վրա:  

Հասարակությունը պետք է կարողանա վերցնել այդ  նախաձեռնությունը եւ ինքը պահանջի իշխանությունից օրինականության հաստատման պատասխանատվություն:

Այլապես կարող է  արդեն  տեղի ունենալ հակառակ անցանկալին, ինչն էլ  հակասում է հեղափոխության ամբողջ փիլիսոփայությանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝