Վերջին շրջանի աղմկոտ բացահայտումների ժամանակագրությունը

139563

Վերջին օրերին հայաստանյան հանրությունն ապրում է յուրացումների և հափշտակությունների փաստերի, աղմկոտ կոռուպցիոն բացահայտումների շրջանում՝ ակտիվորեն քննարկելով հանցագործությունների և իրավախախտումների հին ու նոր դեպքերը, դրանցում ներգրավված անձանց արարքներն ու ՀՀ ուժային կառույցների գործողությունները:

Ներկայացնում ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում բացահայտված նման դեպքերի ժամանակագրությունը:

13 հունիսի

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ 2 քաղաքացուց ստացված հադորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվեցին խուզարկություններ: Օրեր անց ձերբակալվեցին «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: «Երևան» հիմնադրամի տնօրենն ավելի ուշ ազատ արձակվեց:

16 հունիսի

Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Խուզարկություններ իրականացվեցին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվեց ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք, ինչպես նաև դրամական միջոցներ՝ 71 մլն 760 հազար դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, 67 հազար 350 եվրո, 246 հազար 500 ուկրաինական գրիվնա: Մանվել Գրիգորյանի արցախյան առանձնատանն էլ հայտնաբերվել էին «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ և վաճառքի ոչ ենթակա այլ ապրանքներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

20 հունիսի

ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Վերջինս պայմանագիր է կնքել «Էլլիպս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են: Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ:

21 հունիսի

ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր: Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ: Վառելիքը մաս-մաս դուրս է բերվել զորամասից և վաճառվել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև:

Ուժայինները բերման էին ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին:

Մեկ այլ դեպքով ՊՆ N զորամասի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում, նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերը, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող տարբեր անձանց, իսկ ստացված գումարները յուրացրել: Վերը նշված փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր:

21 հունիսի

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ էին կատարվել, որոնց արդյունքում «Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ: Հայտնաբերված գումարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին:

Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նկատենք, որ «Յանս» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանին, սակայն ձևակերպված է նրա կնոջ անունով։

22 հունիսի

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք:

Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով իր վստահելի անձանց միջոցով տեղափոխել և պահել է այլ վայրում, թաղել է զինամթերքը և բետոնել տարածքը:

Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից, հանել ու կամովին հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել:

Ներկայացված է վերջին շրջանում արված տասնյակ բացահայտումների մի մասը, որոնք հանրային մեծ հնչեղություն էին ստացել: ՀՀ ուժայինների հատուկ գործողությունների ու բացահայտումների շարքը շարունակվում է:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝