Բանակը ծվատող կոռուպցիան և հարևան նավթի տակառը

image

Հասարակությունն արդեն քանի օր է, ինչ ուշքի չի գալիս Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բացահայտումներից: Ու վերջին օրերի արձագանքն էլ մեծ մասամբ հուզական է: Ի՞նչ վտանգներ են պարունակում հափշտակություններն ու կոռուպցիան բանակում, ի՞նչ կտան վերջին բացահայտումները, ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:

- Բանակը երկրի անվտանգության երաշխավորն է: Ըստ Ձեզ, ի՞նչ վտանգներ կան երկրի պաշտպանական կառույցի համար, և ի՞նչ կտան վերջին բացահայտումները:

-Բանակը զինված ուժերի ստորաբաժանում է, ինչպես այլ նախարարություններ ու կառույցներ, պետական կառույց է, երբ ասում ենք՝ հասարակության մի մասն է, դա զուտ քարոզչական ընկալում է: Բանակը պետական ինստիտուտ է, որն իրականացնում է Հայաստանի սահմանները և անվտանգությունն արտաքին ագրեսիայից պաշտպանելու գործառույթ: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն և Արցախը, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են 2 հարևանների հետ: Հրադադարը պատերազմի միջանկյալ փուլ է, որը ցանկացած ժամանակ կարող է կրկին գլուխ բարձրացնել: ՀՀ-ն նման՝ պատերազմական, բայց չհայտարարված վիճակում է Թուրքիայի հետ, որը շրջափակել է Հայաստանը, իսկ տնտեսական լծակը՝ շրջափակումը ևս պատերազմի ժամանակ օգտագործվող գործիք է: Մենք փաստացի 2 պետության հետ գտնվում ենք պատերազմական վիճակում: Ընդ որում՝ 1993թ., եթե չմիջամտեր Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, Թուրքիան պատրաստվում էր մի քանի մեծ ստորաբաժանումներ մտցնել Քելբաջարի օպերացիայի ժամանակ: Հետևաբար, երկրի անվտանգությունն ապահովող ամենակարևոր ինստիտուտը պետք է զերծ լինի կոռուպցիայից:

Իսկ ի՞նչ է կոռուպցիան՝ կաշառքի, հովանավորչության, պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով անձնական շահի հետապնդումը: Եթե պաշտոնատար անձն ինքը խախտում է օրենքը, հիմքում դնում իր անձի, իր խմբի շահերի սպասարկումը՝ պետական ինստիտուտի հաշվին, ապա ստացվում է, որ պետական ինստիտուտն իր գործառույթները թերի է կատարում՝ ի դեմս այդ պաշտոնատար անձի կողմից կառավարվող կառույցի: Դա վերաբերում է պաշտպանության նախարարին՝ վերջացրած դասակի հրամանատարով: Եթե մենք գնահատենք այդ տեսանկյունից, ապա բանակում, զինված ուժերում կոռուպցիան ուղղակիորեն վտանգ է, հարվածում է մեր երկրի անվտանգությանը: Կոռուպցիան պետք է դիտել նաև որպես կառավարման գործիք: Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը հարստացել է կոռուպցիոն միջոցներով և իր ակտիվները պահում է Հայաստանից դուրս բանկերում, ապա արդյո՞ք Հայաստանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ գտնվող երկրների հատուկ ծառայությունները չեն ցանկանա իմանալ, թե Հայաստանի պետական որ պաշտոնյան է հարստացել կոռուպցիոն ճանապարհով: Հետևաբար, տվյալ անձն արդեն դառնում է խոցելի, և նրա միջոցով կարող են իրականացնել գործողություններ, որոնք ուղղակիորեն կվնասեն մեր երկրին: Որքանո՞վ է այսօր Հայաստանի իրավական դաշտը համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ որպես պատերազմող երկրի: Կարծում եմ՝ օրենքները չեն գրվել այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պատերազմող երկիր է: Եթե այդ տրամաբանությամբ գրվեին, մենք գիտենք, թե պատերազմի ժամանակ նման կարգի խախտումներն ինչ պատժի էին արժանանում:

-Այսինքն՝ կարծում եք՝ պատիժների խստացո՞ւմ պետք է լինի:

-Այո: Օրինակ՝ հովանավորչությունը, ժողովրդի ասած՝ ԽԾԲ-ն՝ խնամի-ծանոթ-բարեկամը: Եթե պաշտոնատար անձը որպես իր ենթակա կառույցի աշխատող ընտրում է այդ սկզբունքով, ապա տվյալ անձը, չունենալով պահանջվող մասնագիտական կարողությունները, ըստ պատշաճի չի կատարում իր պարտականությունները, հետևաբար իրեն ենթակա օղակն էլ նորմալ չի կատարում իր գործառույթը, ինչը վնասում է ամբողջ պետական ինստիտուտին: Այսինքն՝ սա էլ պետք է դիտարկվի խիստ պատժաչափերի պրիզմայով, և այստեղ անելիք ունեն իրավաբանները: Կոռուպցիան պետք է գոնե նվազագույնի հասցվի առաջին հերթին բանակում: Սա՝ իրավական տեսանկյունից: Սակայն կա նաև բարոյական կողմը: Ինչքանո՞վ է այսօր համարժեք հայրենասիրության, արդարության համար պայքար մղելու, երկրին ծառայելու, տալու և ոչ թե վերցնելու քարոզչությունը: Եթե ստեղծվում է միջավայր, որտեղ մարդու համար կարևոր են դառնում նյութականն ու անձնական բարեկեցությունը, իսկ գործող օրենքներն էլ կատարյալ չեն, և համապատասխան մարմիններն իրենց գործառույթն իրականացնում են թերացումով, ապա պարարտ հող ես ստեղծում կոռուպցիայի համար, և անօրինական ճանապարհով հարստացածը դառնում է օրինակ: Ուստի՝ քարոզչությունը բարոյական տեսանկյունից կանխարգելիչ դեր կարող է խաղալ: Հայաստանին, որպես թշնամիներով շրջապատված, դեպի ծով ելք չունեցող, տարածաշրջանային մեծ կիզակետում գտնվող երկրի, պետք են հայրենասեր մարդիկ, մարդիկ, ովքեր տալիս են՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Այն, ինչ տեսանք վերջին օրերին, ապացույցն է այն բանի, որ հիմա իրավիճակը փոխվել է:

-Իսկ ի՞նչ են տալու բացահայտումները բանակին: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները բազմիցս են նշել, որ թե ռազմամթերքի, թե սննդամթերքի պակաս են զգացել, բայց նրանք կռվել են մինչև վերջին փամփուշտը, մարտական ոգին իրենց չի լքել, իսկ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

-Ձեր բերած օրինակը շատ տեղին է: Պատերազմի ժամանակ մեր սխալները ո՛չ իրավապահ մարմիններն են ուղղում և ո՛չ էլ հասարակական կառույցները: Հակառակորդի սուրն էր, որ բացահայտեց մեր սխալները: Այո, մի քանի բարձրաստիճաններ պաշտոնանկ արվեցին, բայց դա հարցի լուծում չէ համակարգային առումով: Եթե այդ պաշտոնանկություններին չեն հաջորդելու իրավական գործընթացները, և չի լինելու հասարակության բարոյական արձագանքը, ապա գլուխ է բարձրացնում հուսալքությունը՝ անմիջականորեն բացասաբար ազդելով նաև մարտունակության վրա: Ես ինքս էլ ժամանակին զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պատասխանատուն եմ եղել, գիտեմ, որ հովանավորչությունն ամենամեծ հրեշն էր, որ ազդում էր մարտունակության վրա: Եթե ծառայողը չի տեսնում ճիշտ խրախուսման և ճիշտ պատիժների վրա հիմնված արդարության մթնոլորտը, խաթարվում է նրա բարոյահոգեբանական վիճակը: Եվ նա, մարտը չսկսված, արդեն պարտված է: Բերեմ հենց Արցախյան պատերազմի օրինակը: Այդ ժամանակ, երբ մեր ժողովուրդը պատերազմի զոհասեղանին դրեց մեր լավագույն զավակներին, հայերիս բարոյահոգեբանական մոտիվացիան ավելի բարձրակարգ էր, քան ադրբեջանցիներինը: Մենք գիտեինք՝ ինչի համար ենք կռվում, պատրաստ էինք ընդառաջ գնալ մահվանը: Այդ կարգի զինվորին հնարավոր չէ հաղթել, առավել ևս, երբ Ադրբեջանը և՛ մարդկային ուժով, և՛ զինտեխնիկայով, և՛ իրենց սատարող հզոր երկրների քանակով ավելին էր, քան մենք: Բայց մեր հաղթանակն ապահովեցին 2 հիմնական գործոններ. առաջինը՝ մեր զինվորի ու սպայի մոտիվացիան՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, և երկրորդ՝ մեր հրամանատարների հմտությունը:

Կոռուպցիան բանակում հանգեցնելու է նրան, որ քո բանակն Ադրբեջանի հետ չափվելու է քանակական առումով: Ապրիլյան պատերազմի կարևոր դասերից մեկն այն էր, որ անգամ անարդարության ու հովանավորչության առկայության պայմաններում, երբ թիկունքային սպասարկման ստորաբաժանումները ժամանակին չկարողացան իրենց պարտականությունները կատարել, դա փոխհատուցվեց սպաների, զինվորների անօրինակ սխրանքով: Բայց նույն բանը չի կարող լինել մեծ ժամանակահատվածում, ավելի լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ դա դժվար է պահանջել: Կոռուպցիան սղոցում է արդար լինելու և հաղթող լինելու զգացողությունները:

-Տարիներ շարունակ, երբ բարձրաձայնվում էր բանակում թերությունների մասին, արձագանքն այսպիսին էր լինում՝ եկեք բանակի՝ որպես սրբության, բացասական կողմերի մասին չխոսենք:

-Դա երկսայր սուր է, երբ բանակի անձնակազմը բացասական համատեքստում դառնում է թիրախ հասարակական քննարկումներում, մեծ հաշվով ժողովրդի մոտ ընկալումը զինվորի ու սպայի, հայրենասիրության հանդեպ բավականին իջնում է: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ առկա չարաշահումները չպիտի բացահայտվեն, և դրանց մասին չպիտի խոսել: Բացթողումների մասին պետք է խոսել՝ դրանք հետագայում բացառելու ու նաև դասեր քաղելու համար: Այստեղ կարևորն այն է, թե ինչ չափով ու խորությամբ պիտի լինի քննադատությունը: Պարզապես քննադատության հետ մեկտեղ պետք է նաև խնդրի լուծման ուղիները ցույց տալ: Այսօրվա բացահայտումների հետ պիտի հասարակությանը ներկայացվեն նաև դրական օրինակները: Հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, թե բանակն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ և այլևս ունակ չէ երկիրը պահպանելու: Սա վտանգավոր է:

-Ադրբեջանի արձագանքի մասին. այն գեներալների անունների շուրջ աղմկալի բացահայտումներից հետո չուշացավ: Ուստի՝ Ադրբեջանը չի՞ դիմի արկածախնդրության: Նկատի ունեմ թե՛ քարոզչական, թե՛ ռազմական գործողությունները:

- Քարոզչական իմաստով Ադրբեջանում դա արդեն տեղի է ունենում: Իրենց հասարակությանը մատուցվում է, թե հայ զինվորականներն այն քաջ հրամանատարները չեն, որոնք հաղթանակ են կռել: Դրա նպատակն իրենց մոտ մարտական ոգին բարձրացնելն է: Իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա դրանք չեն լինի, որովհետև ռազմական գործողություններն ադրբեջանա-արցախյան սահմանում կամ հայ-ադրբեջանական սահմանում կարող են լինել միայն այն դեպքում, երբ դրան կհանգեցնեն տարածաշրջանային զարգացումները: Կրկնում եմ՝ ռազմական գործողություններ, բայց ոչ պատերազմ: Այնպես չէ, որ Ադրբեջանն այսօր որոշեց, վաղը սկսեց: Այդ երկիրը մեծ հաշվով նավթի տակառ է, և դրա հիմնական տերը «Բրիթիշ Փեթրոլիումն» է: Չունենալով երաշխիք, որ նավթահորերի վրա հարվածներ չեն լինի, Ադրբեջանն այդ քայլին չի գնա, որովհետև դա հղի է նաև հսկայական ֆինանսական կորուստներով:

 Անահիտ Ավագյան

Դիտվել է՝