ԱԺ-ն ընդունեց պարտադիր կուտակային համակարգի մասին օրինագիծը

aj

ԱԺ-ն այսօր քվեարկության է դրել կուտակային կենսաթոշակների մասին հարցը: Երեկ այս հարցը քննարկվել է խորհրդարանի արտահերթ նիստում: Նախագծով առաջարկվում է դրան մասնակցող և հուլիսի 1-ից միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ, այսինքն՝ 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը՝ պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը. 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Այսինքն՝ Հայաստանն այնուամենայնիվ անցում է կատարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Հիշեցնենք, որ 2014-ին օրենքը քննության է առնվել նույնիսկ Սահմանադրական դատարանում, և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչին վերաբերող հոդվածները ճանաչվել են հակասահմանադրական: Իսկ նոր կառավարությունը նորից առաջ քաշեց «պարտադիր» բաղադրիչի ներդրման հարցը՝ որոշակիորեն թեթևացնելով քաղաքացու բեռը, սա, սակայն, տարաձայնությունների տեղիք տվեց կառավարության ղեկավարի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի միջև: Վերջինս հրաժարականի դիմում ներկայացրեց վարչապետին, սակայն Նիկոլ Փաշինյանը չստորագրեց այն:

Բացի կուտակային կենսաթոշակների մասին հարցից՝ արտահերթ նիստի օրակարգն ընդգրկում էր մի շարք հարցերի քվեարկություններ առաջին ընթերցմամբ: ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ հարկային օրենսգրքում, վարչական դատավարության, զինծառայողների կարգավիճակի մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը: Ներկայացված էր նաև «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը:

 

Դիտվել է՝