Կառավարության առաջին օրենսդրական նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն

gov

ՀՀ  կառավարության  առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը  «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:  2002թ.  ընդունված օրենքի համաձայն՝ բարեգործական ծրագիրը որպես այդպիսին սահմանելու համար պետք է  լիազորված մարմին  լինի: Կառավարության ընդունած որոշմամբ՝  որակավորման հարցը վերապահվեց բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովին: Սակայն գործադիր մարմինը եկել է այն եզրակացության, որ քանի որ 2015թ,  սահմանադրական փոփոխություններից  հետո  հանձնաժողովը  այլևս պետական  մարմին չէ,  չունի իրավական ակտեր ընդունելու իրավասություն, ուստի և չի  կարող նաև բարեգործական  ծրագրերին որակավորում տալ:  Եվ ահա նոր օրինագծով   առաջարկվում է ամրագրել, որ կառավարությունն է սահմանելու ծրագրերը բարեգործական սահմանելու   իրավասությունը:

Միևնույն ժամանակ նախկինում  եղած հանձնաժողովը կշարունակի իր գործունեությունը արդեն որպես խորհրդակցական մարմին, որի եզրակացությունն էլ հիմք կլինի լիազոր իրավասու մարմնի՝ որոշման կայացման վրա: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝բարեգործները կամ բարեգործություն իրականացնող կազմակերպությունները որակավորման հանձնաժողովին դիմում են՝ նպատակ ունենալով բարեգործության դիմաց  հարկային  արտոնություններ, կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ նյութատեխնիկական կամ դրամական աջակցություն ստանալու նպատակով,  և եթե արտոնություններից օգտվելու ցանկություն  չկա, ապա չկա նաև հանձնաժողովի կողմից  նրանց ծրագրերը բարեգործական ճանաչելու անհրաժեշտությունը:

Կառավարության հիմնավորումների  հանդեպ  վերապահ վերաբերմունք ձևավորվեց: Շատերը դրանում  քաղաքական ենթատեքստ  տեսան, որ եթե առաջնային կարգով  հրապարակ է բերվում հենց բարեգործությանը  վերաբերող  օրինագիծ, ապա դա արվում է ընդդեմ  երկրում բարեգործություններով  աչքի ընկնող Գագիկ Ծառուկյանի: Բարեգործությունը  Գ. Ծառուկյանի համար  քաղաքական  կապիտալ է եղել,  խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա բարեգործությամբ է զբաղվում: Ուշագրավ է օրինագծի այն դրույթը, որով բարեգործական չի կարող որակվել կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող ծրագիրը, ինչը նշանակում է, որ որևէ անհատ չի կարող կուսակցության վրա կատարվող ծախսը ներկայացնել որպես բարեգործություն:

Նկատի ունենալով  առաջիկայում սպասվող  խորհրդարանական ընտրությունների հանգամանքը և ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե պետք է բացառել ընտրակաշառքի բաժանումը, այս օրինագծով փորձ է արվում լեգալ ընտրակաշառք դիտարկվող բարեգործության ճանապարհը փակել, կամ այն նվազագույնի հասցնել: Ակնհայտ է, որ որքան մոտենա տարեվերջը՝ խորհրդարանական ընտրությունների նախանշված ժամկետը, այնքան կընդգծվի տնտեսական ու քաղաքական գործընթացների՝ խորհրդարանական ընտրությունների թելադրանքով լինելու ու դիտարկվելու հանգամանքը:

                                                                             Անահիտ Ավագյան

Դիտվել է՝