Երկրի տնտեսական զարգացումը քաղաքական իրողությունների հետ չկապելը միամտություն կլինի

8436862

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության ղեկը փաստացի ստանձնեց նոր կառավարությունը, և նախկին իշխող քաղաքական ուժը վերածվեց ընդդիմության, վերջինս իր քննադատության թիրախ դարձրեց նոր ուժի կառավարման փորձի պակասը: Ընդ որում՝ ասվածը վերաբերում էր ոչ միայն արցախյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելուն, այլև տնտեսական կառավարմանը: Ու միանգամայն սպասելի էր, որ երբ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ՀՀԿ պատգամավորները դրան «բարի ցանկությունների ծրագիր» որակումը տվեցին՝ մատնանշելով, թե դրանում բացակայում են թվերն ու կոնկրետ գործողությունների ժամանակահատվածները: Ն. Փաշինյանն արձագանքել էր՝ ուզում էիք «չար ցանկությունների ծրագի՞ր» լիներ:

Կառավարության ծրագրի առանցքային կետերից են տնտեսության շարունակական զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը: Տնտեսական զարգացման համատեքստում կառավարությունն իր առաջնային խնդիրը համարեց դրանում ստվերայնության ծավալների գնահատումը: Նախորդ կառավարությունն այն գնահատել էր 20%, միջազգային կառույցները՝ 46%: Նոր թվային տվյալ դեռ գործադիրը չի հրապարակել, բայց և ստվերի դեմ պայքարի առաջին կոնկրետ քայլերը չուշացան: Այն տնտեսվարողները, որոնք մինչ այդ աշխատում էին «սև հաշվապահությամբ», սկսեցին սևը սպիտակով փոխարինել, գրանցել իրենց աշխատողներին: Տնտեսությունը ստվերից ազատելու քայլերից մեկն էլ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախաձեռնությունն է: Դրա համաձայն՝ փոփոխվելու են ստվերային աշխատող պահելու համար տուգանքները: Այսպես, ներկա օրենսդրությամբ հարկային մարմինը մինչև 3 ստվերային աշխատող պահող ձեռնարկությանը տուգանում է 60 հազար, 4-6 աշխատողի դեպքում՝ 150.000-ական, 7-9 աշխատողի դեպքում՝ 300.000-ական դրամով, 9-ից շատ աշխատողների դեպքում՝ 600.000-ական դրամով։ Փոփոխությամբ առաջարկվում է յուրաքանչյուր «սև աշխատողի» համար տուգանել 250 հազար դրամով՝ անկախ նրանց թվից:

Տնտեսական առաջնահերթությունների մասին

Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման 3 առաջնահերթ ճյուղ է առանձնացրել՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն, նաև մտադրություն կա զարգացնել ռազմարդյունաբերությունը: Հնչեց հավաստիացում, որ բոլոր ոլորտներում էլ մտադիր են նեգրավել նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մտավոր ու ֆինանսական մեծ ներուժը, և ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ ներուժը ծառայի Հայաստանի զարգացմանը:

Հայաստանը միշտ առաջատար դիրք է գրավել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: 2019թ. Երևանում անցկացվելու է ՏՏ համաշխարհային համաժողովը, ինչը հնարավորություն կտա ներկայացնել հայկական ՏՏ ոլորտի կարողությունները և ձեռքբերումները, ընդլայնել տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկան, օտարերկրյա ներդրողներ ներգրավել, խթանել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը: ՏՏ ոլորտի զարգացումն իր հերթին նպաստելու է տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը:

Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում շատերն են անհամբերությամբ սպասում ու ակնկալում, որ կվերագործարկվեն գործարանները: Խոսքն առաջին հերթին քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի՝ «Նաիրիտ»-ի մասին է, որի վերագործարկման մասին վերջերս հարց էին ուղղել վարչապետին: Հունիսի 13-ին ավետեցին, որ գործարանի վերագործարկման համար նոր ներդրողներ են հայտնվել՝ ի դեմս «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի և «SynCo Group» ընկերության: Ըստ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի՝ առաջիկայում կարվի աուդիտ, որի արդյունքներից հետո կառավարության հետ պայմանագիր կկնքեն: Ըստ նախնական հաշվարկների՝ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 25-30 մլն եվրո:

«Նաիրիտի» վերագործարկման հետ հույսեր կապելն ամենևին էլ պատահական չէ: Չմոռանանք, որ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանում քիմիական արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում 6-7% էր (1990թ.)։ Երևանը, Վանաձորը և Ալավերդին այս ոլորտում առաջատարներ էին:

Երբեմնի մեծ տեսակարար կշիռ ունեցող մեկ այլ ոլորտի՝ հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների հարցում տեսակետները հակասական են: Բնապահպանները փաստարկում են, որ առանցքային հռչակված հանքարդյունաբերության և զբոսաշրջության շահերը միմյանց հակասում են: Ըստ նրանց՝ այնտեղ, որտեղ հանքարդյունաբերություն կա, չի կարող զբոսաշրջություն զարգանալ: Այս պնդման հետ համամիտ չեն հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները: Նրանք էլ հակադարձում են, որ հանքարդյունաբերության ճանապարհը փակելը ճիշտ չէ: Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում, ըստ նրանց, հանքարդյունաբերության զարգացմամբ հազարավոր աշխատատեղեր կբացվեն, ընթացքում նաև ենթակառուցվածքներն են բարելավում և սոցիալական ծրագրեր իրականացնում:

Երկրի տնտեսական զարգացումը քաղաքական իրողությունների հետ չկապելը միամտություն կլինի: Այս համատեքստում Ն. Փաշինյանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք հավատարիմ են մնում այն սկզբունքին, որ երկրի զարգացումը, այդ թվում նաև տնտեսականը, պետք է ընթանա հավասարակշռված քաղաքականության իրականացմամբ: Այստեղ վարչապետի ընդդիմախոսները չմոռացան հիշեցնել, որ երբ վարչապետը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն էր, կողմնակից էր ԵԱՏՄ կազմից դուրս գալուն:

Սրան ի պատասխան հնչեց հավաստիացում, թե աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձեր չեն լինելու: «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից»,- ասել էր վարչապետը:

Կարևորագույն ևս մեկ թվային տվյալ. 2018թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 754.5 մլն դոլար՝ մի փոքր ավելի քիչ, քան տարեսկզբին էր: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է կառավարության թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ ԿԲ պարտքը: Այսինքն՝ սա նշանակում է, որ այս ընթացքում նոր պետական պարտք չի ներգրավվել: Հուսադրող ցուցանիշ է:

 

 Անահիտ Ավագյան

 

Դիտվել է՝