«Սասնա ծռերի» ևս մեկ անդամի խափանման միջոցը փոխվեց

nkkk

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը և Անուշ Մխիթարյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այն ստորագրությամբ փոխարինելու մասին: Դատարանը՝ ի դեմս դատավոր Արտուշ Գաբրիելյանի, որոշում կայացրեց բավարարել պաշտպանների միջնորդությունը: Դահլիճը դատարանի որոշմանը ծափողջույններով արձագանքեց: Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, և խափանման միջոցը փոխարինվեց երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը, որը ներկայացնում էր «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Արեգ Կյուրեղյանի շահերը, ով ևս հունիսի 6-ին դատարանի որոշմամբ դահլիճից ազատ էր արձակվել, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ էր, որ «Սասնա ծռերի» գործը քաղաքական ենթատեքստ ուներ: Նա քաղաքական իրավիճակի փոփոխությամբ է պայմանավորում դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Արթուր Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, շենք-շինություններ զավթելու, պատանդ վերցնելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հատկանիշներով:

Արթուր Մելքոնյանի գործով դատական նիստի ընթացքին հետևելու էր եկել նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Այսօր նա լրատվամիջոցների հարցերին չպատասխանեց՝ խոստանալով դա անել առաջիկայում:

Դիտվել է՝