Թանդիլյանի հրաժարականն անցանկալի իրողություն նոր կառավարության համար

mane tandilyan

Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր դրամատիկ զարգացումները շարունակվում են: Շատերի համար անակնկալ որոշում կայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը մեկ ամիս զբաղեցրած Մանե Թանդիլյանը: Նա հրաժարականի դիմում ներկայացրեց և հեռացավ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Մի քանի լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին նաև Արտակ Զեյնալյանի և Արծվիկ Մինասյանի հնարավոր հրաժարականների մասին: Վերջիններս գոնե առայժմ բացառում են իրենց՝ հրաժարական ներկայացնելու հնարավորությունը: Իսկ այս ամենը հաջորդեց կառավարության վերջին նիստին, որի ժամանակ քննարկում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հարցը:

Կառավարության հենց այս նիստից հետո էր, որ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց՝ ներկայացնում է հրաժարական, և պատճառը հենց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին կառավարության նախագծի և իր համոզմունքների տարբերությունն է:

Թանդիլյանի այս քայլն առաջինը ողջունում են «Դեմ եմ» նախաձեռնության նրա գաղափարակից ընկերները: «Պարտադիր կուտակային համակարգը ու դրա ներդրման հետ կապված խնդիրներն էական ու կարևոր նշանակություն ունեն, իսկ կառավարության օրակարգը կաշկանդող էր»:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ չնայած նրան, որ Մանե Թանդիլյանը քաղաքական առումով գտնվում էր նույն թիմում, այնուամենայնիվ, նա կառավարման համակարգում թիմակիցների հետ հասցրեց ունենալ մարտավարական տարաձայնություններ:

Անկախ հրաժարականից՝ քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով սա անցանկալի իրողություն էր նոր, մեկ ամսվա կենսագրություն ունեցող կառավարության համար: Ըստ նրա՝ երևույթը նոր կառավարությունում դժվար թե տարածական բնույթ կրի, բայց որ այս հրաժարականին հաջորդեն ևս մեկ-երկուսը՝ քաղաքագետը չի բացառում: Պատճառը, ասում է, կառավարման համակարգում անփորձությամբ աչքի ընկնող ղեկավարներն են:

Լուսինե Նորեկյան

Դիտվել է՝