Աշխարհի առաջնությունն ու Հայաստանի եվրասիական ընկերակցությունը

worldcup18-620x330

Վաղը` հունիսի 14-ին, Ռուսաստանում մեկնարկում է սպորտային աշխարհի ամենաառանցքային իրադարձություններից մեկը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Չորս տարին մեկ անցկացվող այս սպորտային միջոցառումն այս անգամ տեղի է ունենալու աշխարհաքաղաքական հետաքրքիր և բարդ համատեքստում: Ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը կայացվել է 2010 թվականին, այսինքն՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով արևմտյան պատժամիջոցների սահմանումից չորս տարի առաջ, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն անհամեմատելիորեն ավելի սերտ էին, քան ներկայում:

Հիմա, սակայն, Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի պատճառով գործող պատժամիջոցներից զատ, մի շարք երկրներ հայտարարել են Ռուսաստանում անցկացվող առաջնությունը Սկրիպալների թունավորման գործի պատճառով բոյկոտելու մասին:

Ինչպես հայտնի է, այս տարվա մարտ ամսին Լոնդոնում թունավորել էին ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: Մեծ Բրիտանիան տեղի ունեցածում, չնայած Մոսկվայի հերքումներին, մեղադրեց Ռուսաստանին: Ծագած սկանդալի համատեքստում Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կոչ արեց բոյկոտել Ռուսաստանում կայանալիք առաջնությունը: Մեծ Բրիտանիայի կոչին արձագանքեցին Իսլանդիան, Լեհաստանը, Դանիան, Շվեդիան, Ավստրալիան և Ճապոնիան, սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիության երկրները մտադիր չեն բոյկոտել աշխարհի առաջնությունը: Նշենք, որ խոսքը գնում է ոչ թե բուն սպորտային իրադարձության բոյկոտի մասին, ոչ թե հավաքականների, այլ մասնակից երկրների քաղաքական ղեկավարության կողմից բոյկոտի: Այսինքն, այլ կերպ ասած, վերոնշյալ երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի, ղեկավարները չեն մեկնելու Ռուսաստան առաջնության ժամանակ:

Չնայած որ բոյկոտը լայն տարածում չստացավ, այնուամենայնիվ, այս դիվանագիտական սկանդալը լուրջ հարված հասցրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության ներկայացուցչական մասին, ինչի արդյունքում հունիսի 14-ին Մոսկվայում առաջնության բացման արարողությանը ներկա են լինելու քիչ թվով երկրների ղեկավարներ:

Արդեն հայտնի է, որ Մոսկվայում առաջնության բացման արարողությանը ներկա են լինելու ԵԱՏՄ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (Սոչիում ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել էր ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին ֆուտբոլի առաջնությանը), Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման աս Սաուդը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:

Մոսկվայում մունդիալի բացմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի համար սա արդեն երկրորդ այցն է Ռուսաստան վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Սպասվում է, որ Մոսկվայում տեղի կունենա նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Չնայած եվրոպական երկրների ղեկավարները չեն մասնակցելու առաջնության բացման արարողությանը, սակայն որոշ երկրների առաջնորդներ հայտնել են Ռուսաստան մեկնելու մտադրության մասին: Նրանց թվում են Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն: Անգելա Մերկելը չի բացառել իր Ռուսաստան մեկնելը՝ նշելով նաև, որ այդ այցը կարող է օգտագործվել նաև քաղաքական բանակցությունների համար: Ռուսաստան մեկնելու հնարավորությունը չի բացառել նաև Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Ռուսաստան միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի հավաքականը դուրս գա եզրափակիչ:

Բացի այս, Ռուսաստան մեկնելու մտադրություն է հայտնել նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Չե Ինը:

Վերադառնալով բացման արարողությանը՝ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է ներկա գտնվելու մի միջոցառման, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թեև նշենք, որ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին որևէ տեղեկություն չկա:

Զարմանալիորեն, սույն նյութը գրելու պահին չկան տեղեկություններ նաև բացման միջոցառմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության մասին, չնայած վերջինս Սոչիում ևս ստացել է Մոսկվա այցելելու հրավեր: Լուկաշենկոյի հետ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում ևս կարող էր նշանակալից լինել՝ հաշվի առնելով, որ օրերս Բելառուսը հրթիռային «Պոլոնեզ» համակարգեր է մատակարարել Ադրբեջանին:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային մասշտաբի այս իրադարձությունն առաջին միջազգային միջոցառումն է, որտեղ ՀՀ նոր իշխանությունները կարող են շփում հաստատել այլ երկրների գործընկերների հետ: Սակայն ստացվում է, որ առանձնապես լիահույս լինել պետք չէ, քանի որ Մոսկվայում այս օրերին ներկայացված են լինելու հիմնականում «ավանդական» հետխորհրդային երկրները:

Վահե Ղուկասյան

Իրազեկ քաղաքացիների միավորում

Դիտվել է՝