ԱԶԲ-ի նախագահն այցելել է Հայաստան՝ վերահաստատելու ընդլայնվող գործընկերությունը

ԱԶԲ նախագահ պ. Տակեհիկո Նակաոն (աջից՝ երրորդը) քննարկում է Հայաստանի վարչապետ պ. Նիկոլ Փաշինյանի հետ (ձախից՝ երկրորդը)

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ պարոն Տակեհիկո Նակաոն հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Նա նաև հանդիպումներ է ունեցել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ: Իր՝ երկօրյա այցի շրջանակներում, որն, ի դեպ, նրա առաջին այցն է Հայաստան, պարոն Նակաոն վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու ուղղությամբ:  

Պարոն Նակաոն շնորհավորել է պարոն Փաշինյանին, ով վերջերս ստանձնել է վարչապետի պաշտոնը, ընդգծելով պարոն Փաշինյանին ժողովրդի կողմից տրված մանդատը՝ նպաստել տնտեսության մեջ մրցակցության ավելի բարձր մակարդակին և պետական ծախսերի արդյունավետության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը: «Կառավարության՝ շուկայական կողմնորոշման և կառավարման թափանցիկության բարձրացման հանձնառությունը կնպաստի Հայաստանի տնտեսության՝ ճիշտ ուղու վրա լինելու վերաբերյալ վստահության ամրապնդմանը», – ասել է պարոն Նակաոն:

Պարոն Նակաոն բարձր է գնահատել Հայաստանում վերջին տարիներին գրանցված տպավորիչ տնտեսական կայունության փաստը, չնայած անբարենպաստ արտաքին պայմաններին: Տնտեսական աճը 2017 թվականին հասել էր 7,5% -ի, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում` 9,6%-ի, արագորեն վերաճելով 2016թ.-ին արձանագրված 0,2% -ից: Կառավարության՝ մակրոտնտեսական կայունություն պահպանելու հանձնառությունը և հաջողված ջանքերը հանգեցրել են արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայունացմանը: «Արդյունավետ մակրոտնտեսական կառավարումը,   երկրի ենթակառուցվածքներում խելացի ներդրումները և կոռուպցիան արմատախիլ անելու կառավարության հանձնառությունը հիմք կհանդիսանան հետագա աճի համար՝ ի նպաստ Հայաստանի բոլոր բնակիչների», – ասել է նա:  

ԱԶԲ-Հայաստան գործընկերության 2019-2023թթ.-ի ռազմավարությունը համահունչ կլինի Հայաստանի նպատակներին՝ տարածաշրջանում կապերի ընդլայնման, հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացման և մրցունակ տնտեսության մեջ մասնավոր ներդրումների մասնաբաժնի մեծացման ուղղությամբ: ԱԶԲ-ի կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորումն արդեն կազմում է նոր վարկերի մոտ հիսուն տոկոսը, ինչը վկայում է այն մասին, որ գործընկերությունն արագ զարգանում է՝ միջին եկամուտ ունեցող երկրի կարիքներին անդրադառնալու նպատակով:

Պարոն Նակաոն ասել է. «Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում իր ռազմավարական դիրքի շնորհիվ Հայաստանը կարևոր դերակատարություն կունենա գլոբալ տնտեսության մեջ: ԱԶԲ-ն կօժանդակի, որպեսզի Հայաստանը իրականացնի զարգացման իր առաջնահերթ նպատակները՝ տնտեսական միջանցքների, քաղաքային տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում փոխակերպող ծրագրերի միջոցով, ինչպես նաև կընդլայնի ԱԶԲ-ի աջակցությունը կրթության և առողջապահության ոլորտներին»:

ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանի մրցունակությանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի իրականացման արագացման միջոցով, ինչպես նաև կընդլայնի աջակցությունը կրթական և առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը՝ ոլորտային զարգացման ծրագրի միջոցով: ԱԶԲ-ն նաև կավելացնի մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակությունը` աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին, հատկապես` արտահանմանն ուղղված ընկերություններին:

Իր այցի ընթացքում պարոն Նակաոն այցելել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի վայրեր: Նա այցելել է Երևանից դուրս գտնվող «Սպայկա» ընկերության ապագա ջերմոցային օբյեկտներ, որն այս տարի ստացել է 32.5 մլն դոլարի ոչ սուվերեն վարկ: Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար նախատեսված բանջարեղենի արտադրության ընդլայնման արդյունքում ստեղծվելու է ավելի քան 275 լրիվ դրույքով աշխատատեղ: Հայաստանի արտահանողների մեծամասնությունը օգտագործում է ԱԶԲ-ի ֆինանսավորման օգնությամբ արդիականացվող ճանապարհները, ինչի շնորհիվ կրճատվում են թե՛ ճանապարհորդության ժամանակը, թե՛ ծախսերը, ինչը նպաստում է հայաստանյան արտադրողների եկամուտների աճին:

Պարոն Նակաոն այցելել է նաև Երևանի՝ Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոց, որը կվերակառուցվի 2019թ.-ին Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում: 88.5 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի՝ արդյունքների վրա հիմնված վարկի միջոցներից, այսինքն՝ ֆինանսական միջոցները տրամադրվում են վերահսկելի և ապացուցված արդյունքների հիման վրա: Ծրագրի ներքո աջակցություն ստացող 46 դպրոցից՝ վեց դպրոցում շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, ևս 12-ում աշխատանքները կսկսվեն 2019 թվականին: Օգտագործվում են նորարարական նախագծեր՝ արդյունավետությունը բարձրացնելու, ընթացիկ ծախսերը կրճատելու և ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու նպատակով:

2005 թ.-ին ԱԶԲ-ին միանալուց հետո Հայաստանը ստացել է ավելի քան 1,5 մլրդ դոլար վարկերի, դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով, որից՝ 1.1 մլրդ դոլար հանրային հատվածի համար և 400 մլն դոլար՝ ոչ սուվերեն վարկեր:  

Մանիլայում տեղակայված ԱԶԲ-ի գործունեության նպատակը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումն է՝ ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2017 թվականին ԱԶԲ-ի գործառնությունների ծավալը կազմել է 32.2 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 11.9 մլրդ դոլար համաֆինանսավորման տեսքով: 

ԱԶԲ նախագահ պ. Տակեհիկո Նակաոն (ձախից) Հայաստանի նախագահ պ. Արմեն Սարգսյանի հետ (աջից)

Դիտվել է՝