Դեմիրթաշ. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի»

88073

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:

Էրդողանը նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու մասին ակնարկ էր արել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը.  «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք չէ՞ նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Դե ուրեմն ասեմ՝ հանուն մեր ժողովրդի ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»:

Նշենք, որ Էրդողանը, որը նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների ձևավորած «Հանրապետական դաշինքի» կողմից, Քոջաելիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թիրախավորել է ԺԴԿ առաջնորդ Դեմիրթաշին: 

Էրդողանի խոսքերից հետո բազմության մեջ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու կոչեր են լսվել, ինչին ի պատասխան նա հայտնել է. «Արդեն ասել եմ, որ եթե խորհրդարանն այս մասին որոշումն ինձ ուղարկած լիներ, վաղուց այն հաստատել էի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը պաշտոնապես վերացվել է 2004 թվականին: Սակայն 2015թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն բազմիցս կողմ են արտահայտվել մահապատժի վերականգմանը: Մասնվորապես, Էրդողանը հայտարարել էր, որ եթե Թուրքիայի խորհրդարանը նման որոշում կայացնի, ապա ինքը պատրաստ է դա վավերացնել:

artsakhpress.am

Դիտվել է՝