Ուսումնասիրություններ կկատարվեն ապրիլյան պատերազմի բուն պատճառները եւ բանակում առկա կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար

armen grigoryan

«Բազմաթիվ խնդիրներ կան՝ և՛ ներքին, և՛ արտաքին, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի ՀՀ անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, որը մարտահրավեր է նետում Հայաստանի տարբեր ոլորտներին: «Կան նաև անվտանգության այլ մարտահրավերներ, օրինակ, լուրջ մարտահրավեր է ՀՀ համար կոռուպցիան, կոռուպցիայի բարձր մակարդակը նույնիսկ Ադրբեջանից եկող վտանգը մի քանի անգամ բազմապատկում է, եթե մենք չենք կարողանում հաղթահարել կոռուպցիան»,- գտնում է Արմեն Գրիգորյանը:  

Մեր զրուցակցի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան լուրջ մարտահրավեր է մեր պաշտպանական համակարգի համար: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ուսումնասիրություններ իրականացվելո՞ւ են՝ պարզելու համար, թե ինչ պատճառով եղան լուրջ թերացումներ ապրիլյան պատերազմի օրերին, քանի որ նույն զոհվածների հարազատների մոտ բազմաթիվ կասկածելի հարցեր կան, որոնք այս երկու տարիների ընթացքում անպատասխան են մնացել, Արմեն Գրիգորյանը նշեց.

«Որպեսզի մենք այլևս չկանգնենք պատերազմի մարտահրավերի առաջ,  մենք պետք է շատ խորը ուսումնասիրենք ապրիլյան պատերազմի և պատճառները, և խնդիրները, և այն ամենը, ինչ մենք չենք կարողացել կանխել: Համակարգային լուրջ խնդիրներ են եղել, ազդակները կառավարման համակարգի արդյունավետ չեն աշխատել, բնականաբար այդ ամենը պետք է լուրջ ուսումնասիրել, բացահայտել՝ որտեղ են եղել խնդիրները, և լուծել այն ներքին խնդիրները, որոնք թույլ չեն տվել, որպեսզի կանխատեսվի պատերազմը: Նաև կարող է լինել դիտավորություն, իհարկե  կարծիքներ կան տարբեր տեսակի, բայց եկեք թողնենք հետագայում, հասկանանք՝ իսկապես դիտավորություն եղել է, թե ոչ, ու բացահայտենք նաև այն կոռուպցիոն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել, լուծում տանք այդ կոռուպցիոն սխեմաներին, բնականաբար մենք չենք կարող կոռուպցիոն սխեմաներ ունենալ եւ ունենալ ուժեղ բանակ, ուժեղ բանակը պետք է ամբողջովին զերծ լինի կոռուպցիայից, որպեսզի մենք կարողանանք ուժեղ Հայաստան կառուցել»,- ասաց Գրիգորյանը:

Դիտվել է՝