Պարզվում են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցները

qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում` մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը՝ ձերբակալվել:

2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել մահակներ, կտրող-ծակող գործիք։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 4 անձ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված լայնածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով ևս Կարբիի բնակիչ է։ Նրա մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդված 1-ին մասով։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև միջադեպին մասնակցություն ունեցած ևս երկու անձի ինքնության վերաբերյալ, ովքեր ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով խուլիգանություն կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետի հատկանիշներով):

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Դիտվել է՝