Քննարկվել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

news152829468770121060620181

ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների և բողոքի ակցիաների մասնակից միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Ուղևորափոխադրողները մեկ անգամ ևս ներկայացրին իրենց խնդիրները և պահանջները, նաև դրանց լուծման իրենց տարբերակները։

Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել  իրենց գործունեության համար սահմանված 50.000 և 150.000 ՀՀ դրամ հարկերի և պետական տուրքի վճարումը և օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ՝ կարևորելով պետության, փոխադրողների և ուղևորների շահերը։

Առաջարկված խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ ներկայում ստեղծված իրավիճակի արագ կարգավորում, հետագայում՝ ճանապարհային քարտեզի մշակում և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների իրականացում:

Կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու և փոխադրողների միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով փոխադրողները կարող են մասնակցել առաջիկայում հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղևորների սպասարկման որակի և անվտանգության նվազագույն շեմը: 

Մրցույթները թափանցիկ իրականացնելու համար առաջարկվեց մրցութային հանձնաժողովներում ընդգրկել հասարակական կազմակերպությունների և մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցիչների:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Դիտվել է՝