Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

87625

Քիչ առաջ Ստեփանակերտում ավարտվել է հունիսի 2-ին կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում մեկնարկած բողոքի ակցիան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների հետ հերթական անգամ հանդիպելու էին եկել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր ներկայացրել են ստեղծված իրավիճակի առիթով այսօր Խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ քննարկված հարցերի մանրամասները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի մոտ հրավիրված կառավարության ընդլայնված նիստի արդյունքները:

ԱՀ պետական նախարարը նախ հանդիպել է նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են փողոցում հավաքված ցուցարարներին:

Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնեցին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին:

«Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ անկախ Արցախում սկսվել է շարժում, որը ծագել է ինքնաբուխ՝ ունենալով հստակ օրակարգ: Այսօր կայացած կառավարության նիստում քննարկվել է ձեր կողմից բարձրացված պահանջները, Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և արվել դիտողություններ: Քննարկվել է ոչ միայն, այլև ողջ համակարգում կադրային և կառուցվածքային ձևաչափերում փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում իրագործելու խնդիրը: Ստեղծվելու է հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են նաև ակցիան նախաձեռնած մի խումբ անդամներ, ովքեր հանրային վերահսկողություն են իրականացնելու նախատեսվող բարեփոխումները կյանքի կոչելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետական նախարարը ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած կոչը, որտեղ վերջինս փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները:

Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են պետնախարարի կոչին և խոստացել դադարեցնել բողոքի ակցիան: Շարժման առաջնորդ Դավիթ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ վստահելու և աջակցելու համար:

«Շնորհակալություն ենք հայտնում Արցախի իշխանություններին՝ ի դեմս Նախագահ Բակո Սահակյանի և պետնախարար Արայիկ Հարությունյանի, մեզ ընդառաջելու և մեր պահանջներին արձագանքելու համար, ինչպես նաև ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սա Արցախի ժողովրդի հաղթանակն է»,- եզրափակել է Դ. Սիմոնյանը՝ ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալու կոչ անելով՝ խոստանալով, որ նրանք կլինեն հետևողական՝ այս օրերի ընթացքում հանրության կողմից բարձրացված հարցերին լուծում տալու գործում:

artsakhpress.am

Դիտվել է՝