Խորհրդակցություն՝ ոստիկանության օպերատիվ ծառայության ղեկավարության ու անձնակազմի հետ

0406nistV.O._11

Հունիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեցին ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:

Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:
Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվեց ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարևորությունը, նաև մատնանշվեցին կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ: 

Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար:
Օպերլիազորներին ցուցումներ տրվեց առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարևորվեց նաև բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների այլև նախկինում դատապարտված անձանց շրջանում:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին: 

Վալերիյ Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը և այդ ուղղությամբ նրանց ծառայությանը:

Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծանշաններով:

Դիտվել է՝