Արգելապատնեշների բացակայության պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

21737768b30ce827482bc34bac04575d

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Արբակ Նավոյանը՝ իր վարած «Opel» մակնիշի 35 QN 667 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2 չափահասները Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ Գյումրու Ավստրիական բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ,  նշված ճանապարհին բացակայում են երկաթաբետոնե արգելապատնեշները, ու եթե դրանք լինեին, ապա հերթական վթարի պատճառով ավտոմեքենան չէր հայտնվի ձորում, իսկ հավաքվածներն էլ բողոքում էին՝ ասելով, որ երկար տարիներ է, պատասխանատուները չեն բարեհաճում ի վերջո խնդիրը լուծել, այն է՝ տեղադրել արգելապատնեշներ: Նրանք հույսով են, որ այս վթարը կզգոնացնի պատասխանատուներին, ու վերջապես տարիներով չլուծվող խնդիրը կկարգավորվի:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ամասիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:

Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի առթիվ էլ վթարի փաստով զբաղվելու է Ռազմական ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի կայազորային քննչական վարչությունը: Ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում են վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Դիտվել է՝